ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջորջ Շուլցի Ազգային արտաքին գործերի ուսումնական կենտրոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների եզրափակիչ փուլը: Ըստ Պետքարտուղարության կայքի` հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 21:45-ին:
ԱՄՆ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
ԱՄՆ-ը հիասթափված է Թուրքիայի՝ հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելու հայտարարությունից՝ ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Վեդանտ Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կարևոր է ոչ միայն այս երկրների, այլև տարածաշրջանի կայունության համար։
«Թռիչքների վերսկսման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը վստահության ամրապնդման շատ կարևոր միջոց էր ոչ միայն երկու երկրների, այլ նաև տարածաշրջանային կայունության համար: Անկեղծ հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հանգույցները»,- ասել է Պատելը: Արձագանքելով Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ Պատելը ձեռնպահ է մնացել դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծելով, որ խնդիրը ռազմական լուծում չունի, հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ դիվանագիտության միջոցով ուղիղ երկխոսությունն առաջընթացի բանաձևն է: «Վաշինգտոնը հավատում է, որ երկխոսության միջոցով երկու երկրների միջև տևական խաղաղության հասնելը հնարավոր է: Մենք հանձնառու ենք մնում Հարավային Կովկասի համար խաղաղ ապագայի ապահովմանը»,- շեշտել է Վեդանտ Պատելը:
ԳԱԼՈՒԶԻՆԸ՝ ԼԱՉԻՆԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադարձել է հարցին, թե որքանով է հաջողվել առաջ շարժվել ԼՂ-ում և մասնավորապես` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում: Գալուզինի խոսքով` երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով` տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում` հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց` դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին:
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է պրակտիկ քայլեր ձեռնարկել, յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար: «Հասկանալի է, որ այնպիսի հին ու զգայուն կոնֆլիկտային իրավիճակների կարգավորումը, ինչպիսին ԼՂ-ում և նրա շուրջ տեղի ունեցողն է, չի կարող ընթանալ առանց անհարթությունների և խնդիրների»,- ասել է Միխայիլ Գալուզինը:
ԱՄՆ-Ը ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆԱՐԴԱՐ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱԼԻԵՎ
Ադրբեջանի նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ը և հատկապես Ֆրանսիան անարդար են Ադրբեջանի նկատմամբ, և դա դրսևորվել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ միջազգային փաստաթղթերում: Իլհամ Ալիևը որպես օրինակ մատնանշել է ԱՄՆ-ի Ազատության ակտի 907-րդ փոփոխությունը, Մինսկի խմբի գործունեությունը, որն, Ալիևի խոսքով, փորձում է վերակենդանացնել Ֆրանսիան: «Ի տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Ֆրանսիան որդեգրել է հայամետ դիրքորոշում և այդպիսով իրեն բացառելով բանակցություններին կամ միջնորդությանը ցանկացած տեսակի մասնակցությունից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, իսկ պաշտոնական Փարիզը մի շարք հակաադրբեջանական հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցրել ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում:
Ալիևն անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով՝ Թեհրանի հետ հարաբերությունները վատացել են 44-օրյա պատերազմից հետո, սակայն` ոչ Բաքվի նախաձեռնությամբ: Ադրբեջանի նախագահը իրանական կողմին մեղադրել է Լեռնային Ղարաբաղ մատակարարումների համար, ինչի վերաբերյալ, նրա խոսքով, Բաքվում Իրանի դեսպանը «զգուշացվել է»:
Ալիևի գնահատմամբ` Իրանը կարմիր գծեր է հատել: Նա հիշեցրել է նաև իրանական զորավարժությունները` նշելով, թե դրանք ևս Ադրբեջանի դեմ էին ուղղված:
«Ներկայում մեր հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են և առայժմ դժվար է ասել` ինչպիսին կլինեն ապագայում: Իրանում բոլորը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանան` Ադրբեջանի վրա ճնշումներն արդյունք չեն տա»,- ասել է Ալիևը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ 18 ԱԹՍ
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերից հայտարարել են, որ ռուսական կողմը գիշերն ավելի քան 24 կամիկաձե անօդաչու թռչող սարք է գործարկել, որոնցից 18-ը, Ուկրաինային հաջողվել է չեզոքացնել:
Կիևի քաղաքային ռազմական վարչության հայտարարության մեջ էլ նշվում է, որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները հաջողությամբ խոցվել են. սա արդեն երրորդ օդային հարձակումն է մայրաքաղաքի վրա վերջին չորս օրվա ընթացքում՝ նշված է հայտարարության մեջ: Հարձակման հետևանքով զոհեր և լուրջ ավերածություններ չկան։ Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ այս գիշեր Կիևի վրա հարձակումների ինտենսիվությունը ամենաբարձրն է եղել տարեսկզբից ի վեր:
ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ՝ ԱԹՍ ԹԻՐԱԽՈՒՄ
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարում հրդեհ է բռնկվել: Իրավապահ մարմիններից հայտնում են, որ հրդեհի պատճառ է դարձել ԱԹՍ-ները։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի խոսքով՝ տեղում աշխատում են ԱԻն ծառայությունները, նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ավանի բնակչությանը ոչինչ չի սպառնում: Գիշերը ևս մեկ ԱԹՍ է ընկել Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանում: Ըստ Ռոստովի նահանգապետի՝ ԱԹՍ-ն բախվել է գործարանի տարածքում նոր կառուցվող կառույցներին, որից հետո պայթել է: Բռնկված հրդեհը մարվել է: