ԿՆԵՐԴՐՎԻ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ: Առողջապահության նախարարը նշեց, որ 2001-ին լիցենզավորման համակարգը ինչ-ինչ պատճառներով կասեցվել է: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բուժաշխատողների նկատմամբ պահանջներն են, որ պետք է լրացնեն առողջապահական ծառայությունների որակը: Առաջարկվում է ներդնել 2 տիպի լիցենզավորման ինստիտուտ: Անցումային լիցենզավորումը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Սա կարևոր մի քայլ է՝ ուսանողներին տալու ուսումնառության ընթացքում գործնական ու աշխատանքային փորձառություն ունենալու հնարավորություն: Եվ այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե, բժշկի հսկողության տակ մեր օրդինատորներն ու ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու և իրենց հմտությունները նաև լավացնելու:
Հաջորդը կրթությունն ամբողջությամբ ստացած մասնագետների մասնագիտական լիցենզիան է: Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: 2024 թ. հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն օրդինատորների համար: Համակարգն ամբողջությամբ կգործի 2026-ից: Անհատական լիցենզավորումն իրականացվելու է քննական ձևով՝ տրվելու է որոշակի հմտությունների ստուգման պարագայում: Եվ 5 տարի հետ այն թարմացվելու, շարունակվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան: Կասեցման հիմք կարող են դառնալ բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացումը:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Իսկ լիցենզիաների փոխճանաչելիության հարցը ո՞նց ենք լուծելու: Եթե բուժհաստատությունը մասնագետի է հրավիրում արտասահմանից. նա իրավունք ունենալո՞ւ է խորհրդատվություն, բուժծառայություն մատուցելու և հակառակը:
Անահիտ Ավանեսյան - Այո, ունենալու է, այսօր էլ այլ երկրներում միջազգային պայմանագրերով ճանաչում ենք պետության կողմից տրված լիցենզիաները, հնարավորություն տալիս գործունեություն ծավալել: Մեր մասնագետներն այլ երկներում խնդիր ունեն մասնագիտական վերապատրաստումների, նեղ մասնագիտությունների մասնակցելու, որովհետև չունենք լիցենզիա: Լիցենզիան այն փաստաթուղթն է, որը միջազգայնորեն ճանաչում է մասնագիտական գործունեության իրավունքը:
382 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻ ՀԱՄԱՐ
Զեկուցվող հաջորդ հարցով 382 մլն դրամ հատկացվեց մի շարք ճանապարհների՝ 2022-ին իրականացված նորոգման աշխատանքներն ավարտելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Ջրվեժի կենտրոնական ճանապարհի վերաբերյալ խորհրդարանում հնչած հարցին, նախարար Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք սահմանվե՞լ է ճանապարհի նորոգման ժամանակացույց:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Խոսքը Երևան համայնքի հատվածում գտնվող ճանապարհի մասին է, որովհետև նախարարության ենթակայությամբ ճանապարհին փոսալցման աշխատանքներն արված են, երեկ պարոն Ավինյանի հետ ենք խոսել: Իրենք նախատեսում են միջին նորոգում, դրա համար փոսալցում չեն անում: Առաջիկա օրերին կսկսեն աշխատանքները: Եզրաքարերի շարման պրոցես կա, որին կհաջորդեն աշխատանքները:
Ճանապարհաշինությունում միջին նորոգման աշխատանքներ սկսել են իրականացվել 2018-ից, ինչի շնորհիվ, ըստ Սանոսյանի, հնարավոր է քիչ գումարով 5-7 տարի երկարացնել ճանապարհի կյանքը: Արդեն կատարվել է 153 կմ ճանապարհի միջին նորոգում, ևս այդքան նախատեսվում է այս տարի:
ԿՁԵՎԱՎՈՐՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Հայաստանում կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է պարեկային ծառայությունը: Այդ ստորաբաժանումներին կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով գործունեության իրականացումը: Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո մարզային վարչությունները կլուծարվեն: Ներքին գործերի նախարարը նշեց՝ տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար առաջարկվում է անցկացնել բաց մրցույթ: Կիրականացվի նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցում կատարելով քրեական ոստիկանի պաշտոնի: Կմշակվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները և Ոստիկանության ծառայողները:
Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժ ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը:
Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, նաև վերապատրաստված ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։ Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալները:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌԵԿՏՈՐ
Գործադիրը հաստատեց նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքը: Բուհը կղեկավարի արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Կարծում եմ՝ կկարողանա հաջողությամբ իրականացնել բուհի ղեկավարման աշխատանքները, հատկապես այս կարևոր փուլում, երբ գտնվում ենք բուհական կրթության բարեփոխման ինտենսիվ գործընթացում, առաջիկայում պլանավորում ենք արվեստների համալսարանի շրջանակում Ակադեմիական քաղաքի շրջանակում աշխատանքները առաջ տանել:
Սառա Նալբանդյան (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր) - Նախատեսում եմ գործակցել միջազգային բուհերի հետ: Փորձելու եմ ստանալ իրենց ծրագրերը, կարևոր կլինի փոխանակությունը դասախոսների, ուսանողների: Պիտի կազմակերպենք թրեյնինգներ, որ պատրաստենք մասնագետներ, որ ժամանակից մեթոդների կիրառմամբ աշխատել ուսանողների հետ:
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել 44-օրյայի գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը: Այս տարվա համար ներկայացված 59 շահառուներ ուսման վարձի փոխհատուցման գումարը ավելի քան 16 մլն դրամ է: