Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ինչպես Կառավարության նիստին նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` նախատեսվում է մարզային մակարդակում (նաև Երևանում) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
«Հատկանշական է, որ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայումս մարզային վարչությունները լուծարվելու են: Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար նախագծով առաջարկվում է ունենալ բաց մրցույթ, ինչպիսի փորձ ունենք պարեկային ծառայությունում: Գաղափարական փոփոխության շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն` օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնի: Այս ստորաբաժանումները առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակներում օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի և կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները: Դրանցից հետո նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժը ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը: Ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը: Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվելու են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած՝ դրանով իսկ ապահովելով ծառայության գրավչությունը: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում համապատասխան հաստիքների թվաքանակի ճշտման, ձևավորվելիք ստորաբաժանումների պատշաճ նյութատեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ:
Օպտիմալ և արդյունավետ կառավարման ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան ոստիկանության պետի տեղակալները, ըստ այդմ՝ առանձին տեղակալի օղակ չենք ունենա»,- ասաց Վահե Ղազարյանը: