Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա մասին են վկայում նաև մեր երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ամրապնդվել և խորանալ: Խորին երախտագիտություն եմ հայտնում վարչապետ Ֆիալային հրավերի և ջերմ ընդունելության համար»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը և Չեխիան ունեն սերտ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական արդյունավետ գործիքակազմ, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ նախադրյալներ:
«Այսօր Պրահայում անց է կացվում նաև հայ-չեխական միջակառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստը, որի շրջանակներում կանցկացվի նաև հայ-չեխական գործարար համաժողով»,- ասաց վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ թե՛ վերոնշյալ նիստը, թե՛ գործարար համաժողովը է՛լ ավելի կնպաստեն Հայաստան-Չեխիա տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
«Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը»,- ասաց վարչապետը: