Նորայր Մկրտչյան - Չեմ կարողանում, կորում եմ, ընկնում եմ, ճակատ, թև, ուս խփում եմ պատերին, չեմ տեսնում և խանութի տեղն եմ կորցնում, գալուց էլ տանս տեղն եմ կորցնում, բալա ջան ու գիշերը 3 անց կես, 4-5 փողոցում եմ մնում:
66-ամյա կույր տղամարդն ունի տուն, սակայն չունի խնամակալ, դժվարանում է կարիքներն ինքնուրույն հոգալ: Ասում է՝ 2 տարի առաջ է կուրացել, դիմել է պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, սակայն խնդրին լուծում չի տրվել:
Նորայր Մկրտչյան - Տարբեր հիվանդանոցներ ամիսներով քաշքշել են, բայց ոչ մի բան, ոչ մի բժիշկ դեմս չի նստել, չի զննել, չի խոսել, մենակ էդ եմ լսել՝ փող, գումար վճարի, գումար վճարի: Ինչի՞ համար. կոնսուլտացիայի. մենակ էդ են ասել: Ասել են՝ չէ, քոնը մենակ ուռուցք ա: Աչքի բժշկուհի ասում ա՝ էդ ուռուցքը ճյուղ ա տվել, մետաստազներ ա տվել, դա ա սեղմել աչքի ներվերին, որ քեզ կուրացրել ա:
Օրեր առաջ, երբ հերթական անգամ տղամարդը դուրս էր եկել տնից, իսկ տուն վերադառնալու համար օգնություն էր խնդրում մարդկանցից, նրան հանդիպել էր Անահիտը, օգնել տուն հասնել և սոցիալական ցանցերում տարածել, որ տղամարդն օգնության կարիք ունի, այնուհետև դիմել համապատասխան մարմիններ: Արձագանքել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այնպես էլ վարչական շրջանի ղեկավարությունը:
Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Ինձ հանձնարարական ա եղել, որեպսզի գործողությունները սկսենք: Վարչական շրջանի ղեկավարը անձնական կապերով, շտապօգնության ՓԲԸ տնօրենի հետ զրուցելով, հոգեբուժարանի տնօրենի հետ զրուցելով անձամբ կազմակրեպել է տեղափոխումը տվյալ քաղաքացու բուժհաստատություն, բուժուսումնասիրություն կատարելու խնդիրներ, վճարովի խնդիրներ կան, որոնք բոլորը լուծված են:
ՄՍԾ աշխատակիցները այցելել են տղամարդուն, իրականացրել կարիքների գնահատում, ներկայումս փաստաթղթավորման ամբողջացման փուլում են, բայց քանի որ քաղաքացին ծառայություններ ստանալու անհրաժեշտություն ունի, այս պահին տեղափոխել են ժամանակավոր խնամքի հաստատություններից մեկը:
Անահիտ Նաղդալյան - Այսօր առավոտվանից շարժվել ենք դեպի Գրիգոր Լուսավորիչ՝ հիվանդանոց զննության արդյունքները վերցնելու համար, այնուհետև շարժվել ենք Ավանի հոգեբուժական հաստատություն, որպեսզի ստանանք համապատասխան թղթերը, որպեսզի ունենանք փաստաթղթերի ամբողջ խումբը՝ ներկայացնելու համար համապատասխան մարմիններ՝ սոցապնախարարություն, որպեսզի պապիկը հերթագրվի և մաքսիմում արագ հասնի համապատասխան կեցության վայր՝ ծերանոց:
Որտեղ կշարունակի բնակվել 66-ամյա տղամարդը՝ դեռ պարզ չէ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասում են՝ նման դեպքերում սոցիալական աշխատողների կողմից իրականացվող կարիքի գնահատումից հետո է հնարավոր որոշել, թե քաղաքացին ինչ տեսակի ծառայության անհրաժեշտություն ունի:
Զարուհի Մանուչարյան (ՀՀ ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար) - Եթե քաղաքացուց կամ որևէ մեկից, որ իր աչքի առաջ ունի քաղաքացի, որն ունի ծառայությունների մատուցման անհրաժեշտություն, և ահազանգում են ՄՍԾ, դիմում են Սոցապնախարարություն, նախարարությունը, ի դեմս ՄՍԾ-ի, կարող է մատուցել մի քանի տիպի ծառայություններ՝ կախված, թե տվյալ քաղաքացին որ կատեգորիայի մեջ է մտնում: Ենթադրենք՝ եթե քաղաքացին ունի իրեն պատկանող սեփականություն, ապրում է իր տանը, բայց ունի ժամանակավոր խնամքի կարիք կամ ունի խնամքի որևէ ծառայության կարիք, մենք առաջարկում ենք երեք տիպի ծառայություն՝ տնային պայմաններում խնամքի ծառայություն, ցերեկային կենտրոններում ծառայություն, և ունենք նաև շուրջօրյա խնամքի ծառայություն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան