Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով դատարանում ցուցմունք տվեցին նախկին ոստիկանապետի ռեֆերենտները, որոնց նախորդ նիստին դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Նրանց ցուցմունքները վերաբերում էին Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի` աշխատանքի հաճախել-չհաճախելուն:
Հակոբյանին վերագրվող փողերի լվացման դրվագներից մեկով` Սուսաննա Գասպարյանը, գրանցված լինելով ոստիկանությունում որպես ավագ ռեֆերենտ, չի հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել: Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի հանձնարարությամբ ապօրինի վարձատրության գումարով Հակոբյանը ձեռք է բերել 2 մեքենա՝ օժանդակելով փողերի լվացմանը:
Վկա Արշավիր Մխիթարյանը, որը 2012-ից զբաղեցրել է ոստիկանապետի ռեֆերենտի պաշտոնը և քննիչի մոտ նախկինում այս դեպքի առնչությամբ ցուցմունք է տվել, դատարանում ասաց՝ իրեն ոչինչ հայտնի չէ: Իսկ երբ դատավորը հիշեցրեց նախկինում հարցաքննվելու մասին, վկան պատմեց, որ երբ քննիչը իրեն հարցրել է` տեսել է Սուսաննա Գասպարյանին աշխատանքի վայրում, բացասական պատասխան է տվել այն պատճառով, որ դեմքով չի ճանաչել:
Հարցին՝ ինքն աշխատասենյակ ունեցե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, իսկ Սուսաննա Գասպարյանն ունեցել է, թե ոչ՝ չգիտի:
Արշավիր Մխիթարյան վկա - Որովհետև ես աշխատանքային չեմ առնչվել իր հետ, իմ պարտկանությունները այլ են եղել երևի, իրենը` այլ:
Վկան ասաց՝ ինքը զբաղվել է քաղաքացիների ընդունելությամբ: Իսկ Սուսաննա Գասպարյանի ավագ ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելու մասին իմացել է իր մոտ առկա հաստիքացուցակից:
Հանրային մեղադրող Արսեն Գևորգյանը հայտարարեց՝ հակասություն կա վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև, ապա հրապարակեց նախաքննական ցուցմունքից հատված:
Արսեն Գևորգյան (հանրային մեղադրող) - Քննիչի հարցին՝ ձեզ հետ միասին 2012-13 թվականների ընթացքում ով էր զբաղեցնում ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնը, պատասխանել է վկան` 2012-13 թվականների ընթացքում, երբ ես զբաղեցրել եմ ոստիկանության պետի ռեֆերենտի պաշտոնը, նման այլ աշխատակից` ավագ ռեֆերենտ կամ հենց ռեֆերենտ, չի աշխատել ինձ հետ, նույնիսկ չեմ իմացել, որ երկրորդ ռեֆերենտի կամ ավագ ռեֆերենտի հաստիք կա այդտեղ, դեպք չի եղել որ ես առնչված կամ շփված լինեմ ոստիկանության պետի մեկ այլ ռեֆերենտի կամ ավագ ռեֆերենտի հետ:
Ինչով է պայմանավորված այս հակասությունը՝ վկան ասաց, թե այն ժամանակ խոսքը ռեֆերենտի մասին է եղել և հետևաբար` այո, իրենից բացի, այլ ռեֆերենտ չի եղել: Մինչդեռ դատախազը պնդեց՝ հարցը հնչել է ավագ ռեֆերենտի վերաբերյալ:
Արշավիր Մխիթարյան - Միգուցե շփոթմունք է եղել. ավագի ու ռեֆերենտի հարցն է եղել:
Մյուս վկան` Գեղամ Պետրոսյանն էլ 2015-18 թվականներին է եղել նախկին ոստիկանապետի ռեֆերենտը: Ասաց՝ Սուսաննա Գասպարյանի պարտականությունների վերաբերյալ հստակ տեղեկություն չունի:
Գեղամ Պետրոսյան (վկա) - Վերջինիս տեսել եմ ժամանակ առ ժամանակ ոստիկանության պետի մոտ մտնելիս:
Դատարանում հարցաքննված վերջին վկան էլ ոտիկանության կոմունալ շահագործման բաժնի պետն էր: Ասաց՝ Արշակ Հակոբյանի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Նշեց՝ Սուսաննա Գասպարյանին տեսել է ոստիկանության Մշակույթի կենտրոնում, կենտրոնական ապարատում, միջոցառումների ժամանակ, բայց մտքով չի էլ անցել հարցնել, թե նա ոստիկանությունում ինչ պաշտոն է զբաղեցրել:
Աշխատասենյակ, որի վրա Սուսաննա Գասպարյանի անունը նշված լինի, վկան չի տեսել: Վկան ասաց` ինքը միջոռացումների ժամանակ ապահովել է լուսավորությունը, օդափոխությունը: Այս ցուցմունքից հետո ամբաստանյալ Արշակ Հակոբյանը վրդովվեց:
Արշակ Հակոբյան - Վաչոն սաղ կյանքը լամպուչկա ա փոխել, հիմա բերել ենք, քննենք, իմանանք` Վաչոն գիտի` ես Գասպարյանի հետ փող եմ լվացել, թե չէ, Նաջարյանը գիտի չգիտի, ուզում եմ հասկանամ` ի՞մ դատն ա:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի մյուս նիստին, նրանցից Արա Հովհաննիսյանին դատարանն արդեն 2-րդ անգամ բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան