Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը երեկ Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար:
Կողմերն արձանագրել են Հայաստանի և Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարևորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական և արդյունավետ զարգացումը:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջև ակտիվ երկխոսությունը և բարեկամական խմբերի դերը:
Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների և առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության և մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարևոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:
Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարևոր արժեք է, և ամենօրյա բանաձև են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան և ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին և Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: