Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու համար: Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ 2021 թ. Կառավարության 5 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,595.930.7 հազար դրամ, 2022 թ. 3 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 382,307.7 հազար դրամ:
Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թ. ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից սահմանված կարգով և ժամկետներում ուսումնառությունը շարունակող ուսանողներ են: 2022 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թ. մարտի 30-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած 59 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16,344.8 հազար դրամ: