«11 ոսկե՝ 8 օրում» կարգախոսը, թերևս, Հայաստանում ամենաշատ բարձրաձայնվածն է, մարզիկներին ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը ու շնորհակալություն հայտնեց այդ կարգախոսը կերտելու համար: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ միայն ոսկե մեդալների մասին է: Վարչապետը հույս է հայտնել, որ հաջողությունը ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ես հիշում եմ 2021 թվականին այս շենքում տեղի ունեցած մի հանդիպում, երբ քննարկում էինք օլիմպիական խաղերին մեր թիմի նախապատրաստության աշխատանքները և զարմանքով արձանագրեցինք, որ, օրինակ, նույն ծանրաքարերի կամ ծանրաձողերի հետ կապված խնդիր կա: Խոսքը վերաբերում էր Eleiko ֆիրմայի ծանրաձողերին, տվյալ դեպքում կոնկրետ ծանրամարտի մասին է խոսքը, և ուրախ եմ արձանագրել, որ հիմա երկրում այնքան Eleiko ծանրաձող կամ ծանրաքար ունենք, որ, եթե մամուլում հայտնված մեկնաբանությունների մեջ չափազանցություն չկա, մեզ երկար տարիներ դեռ կբավականացնեն: Չնայած հույս ունենք, որ, ընդհակառակը, չի բավականացնի, որովհետև ծանրամարտով զբաղվողների թիվն այնքան կմեծանա՝ նաև մեր հավաքականի հաջողության բերումով, որ մենք, բառիս լավ իմաստով, ստիպված կլինենք նորանոր ծանրաձողեր, ըմբշամարտի և սամբոյի գորգեր, մարմնամարզության սարքեր և սարքավորումներ ներկրել, և ամեն անգամ այս հանդիպումներում մեր մարզիկները և մարզիչները կասեն, որ չի հերիքում, էլի է պետք, էլի է անհրաժեշտ և այլն, և այդպես շարունակ, բայց ոչ թե այն իմաստով, որ չկա, այլ կա, շատ կա, բայց, այնուամենայնիվ, էլի է անհրաժեշտ:
Վարչապետ Փաշինյանը ուրախությամբ արձանագրեց, որ հիմա բավական տեսանելի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծում: Հույս հայտնեց, որ պլանավորված ժամանակում կավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումը, որը վարչապետի վերջին այցի ընթացքում խոստացել են ժամկետում ավարտել: Եվ հիշեցրեց խոստումը, որ յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի անունով մեր երկրում կկառուցվի մարզադպրոց:
Նիկոլ Փաշինյան - Վերջին մրցույթներից և իրադարձություններից հետո մենք քննարկեցինք և տեսանք, որ այս պահին կարծես թե մեր եզդիաբնակ բնակավայրերում այդպիսի մարզադպոցներ չեն կառուցվում: Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն: Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով:
Վարչապետը ընդգծեց, որ կարևորագույն նպատակներից մեկը մեր մարզիկների հաջողությունը և սխրանքն ընդգծելն է, երկրորդը՝ մարզական ենթակառուցվածքներ ստեղծելը, երրորդը՝ այնպես անել, որ սպորտի զարգացումը մեր երկրում դրվի ռազմավարական հիմքերի վրա:
Նիկոլ Փաշինյան - Երբ Հայաստանի` մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ գրել էինք՝ նպատակ ենք դնում, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ պետք է ունենա, բոլորի առաջին հարցն այն էր, թե դա ինչպես ենք անելու, ինչպես ենք նվաճելու. այսպես ենք նվաճելու՝ սկզբից Եվրոպա, աշխարհ, հետո օլիմպիադա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մարզիկի առաջին հաջողությունից ի վեր Կառավարությունը նրան կուղեկցի, և ինչքան մեծ լինի հաջողությունը, այնքան մեծ կլինի Կառավարության աջակցությունը: Աջակցությունը լինելու է ռազմավարական: Դա լինելու է դրամական աջակցությունների ձևով, կապիտալ ներդումների ձևով, մարզական նոր ենթակառուցվածքների ձևավորմամբ:
Նիկոլ Փաշինյան - Սամբո ըմբշամարտի մեր մարզիկների հաջողությունը տեսնելով` ես իմացա, որ սամբո մարզաձևը մեր անվանական թոշակների ցանկի մեջ չի մտնում, բայց հաջողությունից հետո հանձնարարեցի, որ նաև սամբո մարզաձևը մտնի այդ ցանկի մեջ: Շատ կարևոր է, թե ինչպես է իրադարձությունը բերում մեկ այլ իրադարձության: Այսինքն՝ կներեք, հիմա ասածս կարող է կոպիտ հնչել, բայց եթե այդ հաղթանակը չլիներ, գուցե ոչ ոք էլ չհիշեր, որ այդ մարզաձևին էլ աջակցություն պետք է, ընդ որում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, օլիմպիական մարզաձև չէ:
Վարչապետը հետաքրքրվեց, թե այս պահի վիճակագրությունն ինչ է հուշում, մյուս տարվա հետ կապված ինչ ծրագրեր ունենք, և ինչպես է ընթանում սպորտի զարգացումը Հայաստանում:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարար) - Այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Հիշեցնեմ, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը: Այս պահին գտնվում ենք 5-րդ ամսվա սկզբին, և ամբողջ տարի մեզ դեռևս սպասում են բավական թվով մրցաշարեր:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել պետական աջակցությամբ ոլորտն է՛լ ավելի զարգացնելու, ավելի մեծ հաջողոություններ ունենալու վերաբերյալ: