Մայիսի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նախօրեին նախկին ոստիկանապետի՝ լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներին ու խստորեն դատապարտել նման վերաբերմունքը: Սարգիս Խանդանյանն էլ շնորհավորել է լրագրողներին երեկվա՝ Մամուլի ազատության օրվա առթիվ ու հայտնել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2023 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի դիրքերը նորից բարելավվել են մամուլի ազատության տեսանկյունից: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
Լրագրողի հարցադրմանը, թե հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդունելի պարամետրերով խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է՝ ոչ:
«Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու համար հնարավոր է՝ անընդունելի պայմաններ առաջարկվեն, բայց պետք է անել այնպես, որ դրանք ընդունելի լինեն»,- ասել է պատգամավորը:
Քննարկվել է նաև Հնդկաստանից զենքի գնման ու մատակարարման հարցը: Լրագրողը նկատել է՝ իշխանական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել է՝ ՌԴ-ն խոչընդոտում է, որ ՀՀ-ն Հնդկաստանից գնված զինամթերքը ՀՀ տեղափոխի, ինչին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նման թեմայից տեղյակ չէ, ու հորդորել զենքի գնման ու տեղափոխման թեմաների մասով հանրային քննարկումներ չծավալել:
Անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին:
Արցախի ժողովրդի անվտանգության ու ինքնորոշման իրավունքի հարցերը քննարկվո՞ւմ են Վաշինգտոնում, տեղացիները հետաքրքրվում են՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելո՞ւ է, թե՝ ոչ հարցին պատասխանելով՝ Սարգիս Խանդանյանը նշել է.
«Հայաստանի բանակցողները բոլոր հարթակներում խոսում ու բանակցում են ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հասցեագրման թեմաների շուրջ: Բանակցությունների բովանդակության ու նրբերանգների մասին տեղեկացվում են նաև ԼՂ իշխանությունները: 4 ամիս է՝ ԼՂ-ն շրջափակված է, տեղացիների հումանիտար խնդիրներն օր առաջ պետք է լուծվեն: Պատասխանատուները, որոնք պետք է ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունն ապահովեն, պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն: 30 տարուց ավելի է՝ ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է: Ակնկալում ենք, որ այս հակամարտությունն ու խնդիրն օր առաջ կլուծվի»:
Պատգամավորն անդրադարձել է նաև ամերիկացի պաշտոնյայի գրառմանը, որում ասվում է՝ առաջընթաց կա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում:
«Ամերիկյան բանակցություններն այսօր ավարտվելու են: Բանակցությունների բովանդակության վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Բանակցողները կվերադառնան ու հավանաբար կխոսեն առաջընթացի մասին: Երեկվա եռակողմ հանդիպումից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում երևում է, որ բանակցությունների ընթացքում բարձրաձայնվել են ԼՂ հայության իրավունքների, նրանց անվտանգության հասցեագրման ու ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը: Արդեն մի քանի ամիս է՝ հանրային քաղաքական դաշտում ընթանում է ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը: Պետք է արձանագրել այսօրվա խնդիրը ԼՂ հայության անվտանգության հարցն է ու առաջ շարժվել դրանք հասցեագրելու ուղղությամբ: Խնդրի լուծմանը պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հասնենք»,- ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ մայիսին ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է սպասվում:
«ՀՀ-ն վերահաստատում է դիրքորոշումը՝ երեք սկզբունքները, որոնք ընկած են Ադրբեջանի հետ բանակցությունների հիմքում (ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի հարցում միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդնում ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների ստեղծում), պահպանվում են, դրանց գումարվել են նաև այլ հարցեր: Նախաստորագրվող փաստաթղթի մասին որևէ բան ասել չեմ կարող: Խաղաղության համաձայնագրի նախագիծ կա, տեղյակ չեմ՝ մինչև դրա ստորագրումը կողմերը կուզե՞ն որևէ այլ նախագիծ ստորագրել, թե՝ ոչ: Խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերի մասով ՀՀ-ին մոտ դիրքորոշում ունենար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:
Չի շրջանցվել նաև Թուրքիայի ԱԳ նախարարի երեկվա հայտարարությունը:
Պատգամավորները նկատել են, որ պետք է մտածել, թե ինչպես անել, որ Թուրքիայի օդային տարածքը վերաբացվի ՀՀ ավիաընկերությունների համար: Խորհրդարանականները հայտնել են, որ արձանների հարցը ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երևանի քաղաքապետարանի տիրույթում է:
«Թուրքական կողմը ոչ թե ասել է՝ եթե Հայաստանը չքանդի արձանը, վատ քայլեր կհետևեն, այլ՝ եթե նման քայլերը շարունակական լինեն»,- ասել է Վահագն Ալեքսանյանը: