Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր մեկնել է Նիդերլանդներ: Հաագայի Միջազգային քրեական դատարանում նա հանդես է եկել ելույթով:
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում սկսած պատերազմի համար: Ուկրաինայի նախագահը կոչ է արել ստեղծել ռուսական կողմի պատերազմական հանցագործությունները քննող առանձին միջազգային դատարան: Նա հայտարարել է, որ Կիևը սպասում է գործնական քայլերի և ցանկանում է իրական ճնշման ականատես լինել:
Երեկ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ իր պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ քննարկել էր Ուկրաինայի պաշտպանության և Ֆինլանդիայի կողմից աջակցության տրամադրման հարցերը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին պլանավորում է մայիսի 13-ին այցելել Գերմանիա: