ՀԱՍԱՆՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂ-ՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԿԱԶՄԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
Հանդիպմանը քննարկվել է ռուս խաղաղապահների տեղակայման գոտում օպերատիվ իրավիճակը: Ապրիլի 28-ին Լենցովին ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ալեքսանդր Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
ԿՐԵՄԼԻ ՎՐԱ ԿԻԵՎԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ԱՄՆ-Ը. ՊԵՍԿՈՎ
Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի՝ այս փաստը հերքելու փորձերը ծիծաղելի են: «Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և ահաբեկչական ակտերի մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում: Կիևն անում է այն, ինչ նրան ասում են»,- նշել է Պեսկովը:
Ավելի վաղ Կիևից հերքել են ԱԹՍ-ներով իրականացված հարձակմանն առնչություն ունենալու մասին մեղադրանքները: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հարձակվել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Պուտինի վրա:
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելն էլ լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի կարող հաստատել կամ հերքել, որ Կրեմլի վրա հարձակում է իրականացվել: «Մենք տեղյակ ենք այդ հայտարարություններից, բայց չենք կարող հաստատել դրանց իսկությունը,- նշել է Պատելը՝ հավելելով, որ թերահավատորեն է վերաբերվում այն ամենին, ինչ ասում են Կրեմլը և Ռուսաստանի Դաշնությունը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ նշել է, որ Վաշինգտոնը թույլ չի տալիս Կիևին հարվածներ հասցնել իր պետական սահմաններից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում։
ԵՄ-Ն ԵՎ ՉԺՀ-Ն ՌԴ-ԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԽՈՒՍԱՓԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՍՐՈՒՄԻՑ
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում չօգտագործել Կրեմլի վրա հարձակումը ուկրաինական հակամարտությունը սրելու համար` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Չինաստանը նույնպես կողմերին կոչ է արել խուսափել էսկալացիայից: ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը նշել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է սրել ճգնաժամը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆինլանդիա կատարած այցից հետո մեկնել է Նիդերլանդներ: Հաագայի Միջազգային քրեական դատարանում նա հանդես է եկել ելույթով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում սկսած պատերազմի համար՝ հայտարարել է Զելենսկին՝ կոչ անելով ստեղծել ռուսական կողմի պատերազմական հանցագործությունները քննող առանձին միջազգային դատարան: Նա հայտարարել է, որ Կիևը սպասում է գործնական քայլերի և ցանկանում է իրական ճնշման ականատես լինել:
Երեկ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ իր պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ քննարկել էր Ուկրաինայի պաշտպանության և Ֆինլանդիայի կողմից աջակցության տրամադրման հարցերը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին պլանավորում է մայիսի 13-ին այցելել Գերմանիա: