Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գիտությունների թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը: Բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումը Կառավարության՝ մայիսի 4-ի նիստին հրապարակեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մենք տևական ժամանակ ունեինք ժամանակավոր պաշտոնակատար, և ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվեց, և այսօր արդեն ունենք ապրիլի 20-ի՝ հոգաբարձուների խորհրդի նիստով ընտրված ռեկտոր, որը ոլորտի մեծ փորձառություն ունի, արվեստագիտության թեկնածու և դոցենտ է, ինչպես նաև ունի մեծ փորձառություն արտերկրի բուհերի հետ համագործակցության և աշխատանքի փորձ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ հաջողությամբ կիրականացնեն բուհի ղեկավարման աշխատանքներն այս կարևոր փուլում, հատկապես որ առաջիկայում նախատեսվում է Ակադեմիական քաղաքի կոնցեպտի շրջանակում աշխատանք իրականացնել:
Կառավարության նիստին ներկա նորընտիր ռեկտորն իր հերթին ասաց, որ մեծ կարևորություն է տալու բուհի միջազգայնացմանը:
«Վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը և նաև դասավանդման մեթոդները, փորձելու եմ թարմացնել մասնագիտական բազան և համալրել մասնագիտական գրադարանը, ինչպես նաև մեծ կարևորություն եմ տալիս բուհի միջազգայնացմանը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային պրոցեսներից»,- նշեց ռեկտորը: