2022-ից մշակվող ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մինչև տարվա վերջ պատրաստ կլինի: Կառավարության աշխատակազմն ուսումնասիրել է դաշտը, երկու հիմնական ուղղություն առանձնացրել՝ Կառավարության ռազմավարական հաղորդակցության բարեփոխում և ապատեղեկատվության դեմ պայքար: Ըստ ուսումնասիրության՝ խնդիրներն առավել ակնհայտ են դառնում հատկապես ճգնաժամային իրավիճակներում:
Գոռ Ծառուկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Մի կողմից հասարակությունը շատ զգայուն է այսպիսի հարցերին, և երկրորդ՝ ցավոք, կան շահագրգիռ կողմեր, որ փորձում են օգուտներ քաղել նմա իրավիճակներից: Այս դեպքում ևս լուծումը նշված բանաձևերի մեջ է. առաջին՝ արդյունավետ հանրային հաղորդակցություն, երկրորդ՝ ապատեղեկատվության դեմ պայքար, և երրորդ՝ հանրության մեդիագրագիտության բարձրացում:
Ապատեղեկության և քարոզչության դեմ պայքարի վերաբերյալ համաժողովի հրավիրյալ հյուրերից է Քարդիֆի համալսարանի պրոֆեսորը: Մարտին Ինեսսի թիմը այս խնդիրն ուսումնասիրել է 30 երկրում, 6 տարվա ընթացքում բազմաթիվ հոդվածներ հրապարակել:
Մարտին Ինեսս (Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր) - Անսպասելի է, բայց ապատեղեկատվության դեմ պայքարի որոշ միջոցներ կարող են իրավիճակը միայն վատացնել: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է ապատեղեկատվությունն աշխատում տարբեր ոլորտներում: Հասկանալ՝ այն ինչպես է ազդում հանրային ընկալումների, քաղաքական որոշումների կայացման վրա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց, թե վերջին տարիներին ինչպիսի իրադարձություններ ու զրագացումներ եղան Հայաստանում, որոնք ազդեցին ապատեղեկատվության և մեդիամիջավայրի վրա:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող) - Հեղափոխությանը հաջորդող առաջին օրերից փորձ էր արվում ներկայացնել, որ իշխանությունները հակաղարաբաղյան են և դավաճան են, եկել են, որպեսզի Ղարաբաղը հանձնեն, և այսպես սադրում էին իշխանություններին՝ մի կողմից իմանալով, որ բանակցային պրոցեսում բավականին տխուր իրավիճակ ա, և կա հավանականություն, որ իշխանությունները Ղարաբաղում ինչ-որ զիջումների կգնան, և ապա դա կօգտագործվի, որ ասվի՝ այ, տեսեք, էս ամբողջ հեղափոխությունը, էս ամեն ինչը Ղարաբաղը հանձնելու մասին էր:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ապատեղեկությունը ավելանում է այն երկրներում, որտեղ մամուլը ազատ չէ և կատարում է քաղաքական պատվեր:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Մենք գիտենք, որ հատկապես հետհեղափոխական շրջանում մամուլը, ըստ էության, պառակտվեց, և սուր բևեռացման գործընթացներ գնացին, և ճնշող մեծամասնությունը սպասարկում է, փաստորեն, քաղաքական շահեր, և հանրային շահը գնում է 2-րդ պլան:
Համաժողովն իրականացվեց ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Լադիսլավ Բերանեկ (ԱՄՆ հանրային դիվանագիտության գրասենյակի գրանտային ծրագրերի պատասխանատու) - Աշխարհում, որտեղ ապատեղեկությունը շատ տարածված է, հատկապես սոցիալական ցանցերում և ոչ միայն, մեր բոլորի գործն է կրթել մեզ և սովորել տարբերել փաստերը ապատեղեկատվությունից: Սակայն լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը հատուկ դեր ունեն հասարակությանը ինֆորմացիայի պատասխանատու սպառող և տարածող դարձնելու գործում:
Մեդիագրագիտության բարձրացման համար Հայաստանում դեռ շատ աշխատանք կա անելու՝ արձանագրեցին բոլոր կողմերը՝ ընդգծելով այդ հարցում գործակցելու անհրաժեշտությունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան