ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալան երկկողմ օրակարգից զատ անդրադարձել են անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բաց և հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունը այդ հարաբերությունների զարգացմանը:
Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ նաև Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիթորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Ցավով պետք է նշեմ, որ, ի հեճուկս բոլոր ջանքերի, մեր տարածաշրջանում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած միջանկյալ որոշման կոպիտ խախտում է: Արդեն 4 ամիս ԼՂ-ի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է ԼՂ բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը, սնունդը ԼՂ-ում վաճառվում է կտրոններով, և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ, մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս պարագայում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: «Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար: Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, և առաջիկայում մենք ներգարվված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից, և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը ևս Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: