Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով:
«Մենք մտահոգ ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, և այդ հարցում մենք համաձայն ենք ԵՄ-ի դիրքորոշման հետ: Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի ԼՂ-ում և Կովկասի տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:
Վարչապետի հետ մեր քննարկումների միջոցով ես հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու հեռանկարով: Եվ Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ գտնվեն»,- ասաց Չեխիայի վարչապետը: