ԿՐԵՄԼԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՎԱՏԻԿԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՊԵՍԿՈՎ
Կրեմլը տեղյակ չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Վատիկանի նախաձեռնության մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցի, թե արդյոք Մոսկվան տեղեկություն ունի առաքելության մասին:
Օրեր առաջ Հունգարի կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, թե Վատիկանը ներգրավված է խաղաղության նախաձեռնության մեջ՝ փորձելով վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը:
ՌԴ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԲԱԽՄՈՒՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՁԱԽՈՂՎԵԼ Է. ՔԻՐԲԻ
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայում, մասնավորապես` Բախմուտի շրջանում «ձախողվել է», քանի որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ միայն վերջին հինգ ամսում ռուսական կողմն ունեցել է 20 հազար զոհ, ևս 80.000 զինվոր վիրավորվել է: Քիրբիի խոսքով՝ զոհերի գրեթե կեսը «Վագներ» կազմակերպությունից են: Նրա խոսքով` Ռուսաստանի զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական և կարևոր նշանակություն ունեցող տարածքներ։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է անդրադառնալ ուկրաինական կողմի կորուստներին՝ նշելով, թե այս պատերազմում Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՄԻԱՅՆ ԱՊՐԻԼԻՆ 15 000 ԶՈՀ Է ՈՒՆԵՑԵԼ. ՇՈՅԳՈՒ
Ուկրաինայի զինված ուժերը միայն ապրիլ ամսին 15 հազար զոհ են ունեցել, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով` Ռուսական զինված ուժերը ակտիվ գործում են շփման գծի ամբողջ երկայնքով: Շոյգուն նշել է, որ չնայած արևմտյան երկրների աննախադեպ ռազմական օգնությանը` ուկրաինական կողմը զգալի կորուստներ է կրում: Նախարարն ընդգծել է, որ պաշտպանական արդյունաբերությունն ամբողջությամբ ապահովում է բանակի և նավատորմի կարիքները:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսել են բողոքի ցույցերը՝ կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ: Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Բողոքի ակցիայի մասնակիցները մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ, հրկիզել են մի շարք շենքեր, կոտրել տրանսպորտային կանգառներ:
Բախումների հետևանքով մեկ ոստիկան վիրավորում է ստացել, բժիշկները նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ներքին գործերի նախարարության տվյալով` ցույցերին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 300 ցուցարար։
Կազմակերպիչների տվյալով՝ ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Արհմիությունները բողոքի ցույցերն անվանում են պատմական: Նրանց համոզմամբ՝ ժողովրդական զայրույթը դուրս է եկել կենսաթոշակային բարեփոխումների շրջանակից՝ արտացոլելով քաղաքական իշխանությունների հանդեպ վստահության բացակայությունը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍՈՒԴԱՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ
Տարբեր երկրներ շարունակում են Սուդանից իրենց քաղաքացիների տարհանումը։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան Սուդանից տարհանել է ավելի քան 2000 մարդու: Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ նրանց թվում, բացի Թուրքիայի քաղաքացիներից, 22 երկրի ներկայացուցիչներ են եղել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Սուդանից տարհանել են 200 մարդու՝ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության, ՌԴ ՊՆ ներկայացուցչությունների և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև ԱՊՀ և Ռուսաստանի բարեկամ երկրների քաղաքացիների:
Այսօր Ժնևում կայացած ճեպազրույցում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ անցած ամիս հակամարտության սրման հետևանքով Սուդանից ավելի քան 100,000 փախստական է տեղափոխվել հարևան երկրներ. հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են երկրի ներսում: