Հոլիվուդյան կինոյի և հեռուստատեսության ավելի քան 11000 սցենարիստ 15 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ է հայտարարել։ Որոշումը կայացվել է Netflix-ի, Amazon-ի, The Walt Disney-ի, Paramount-ի և Apple TV-ի հետ վեց շաբաթ տևած ապարդյուն բանակցություններից հետո՝ նոր գործարքներ ձեռք բերելու և աշխատավարձերի բարձրացումների վերաբերյալ:
Գործադուլն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում հայտնի երեկոյան ժամանցային հեռուստահաղորդումների մեծ մասի նոր թողարկումների դադարեցմանը, ինչպիսիք են «Գիշերային շոու Ջիմի Ֆելոնի հետ» և «Ջիմի Քիմելը՝ ուղիղ եթերում»: NBC, ABC և CBS հեռուստաալիքները երեկոյան ստիպված են հեռարձակել նախորդ հաղորդումների կրկնությունները:
Բացի այդ, կարող են ուշանալ նաև այս տարի նախատեսված հեռուստասերիալների ու ֆիլմերի հեռարձակումները:
Ենթադրվում է, որ սցենարիստների գործադուլը կարող է այլ հետևանքներ էլ ունենալ: Օրինակ՝ նրանց վերջին գործադուլը հանգեցրեց ավելի շատ հանպատրաստից հեռուստաշոուների, ինչպիսիք են «Քարդաշյանների ընտանիքը» և «Հայտնի աշակերտը»՝ Դոնալդ Թրամփի հետ: