ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության ընթացիկ ծրագրերի և նոր ուղղություններին վերաբերող հարցեր, մասնավորապես Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հետ կապված հարցեր։
Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։ Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ Կառավարության կողմից ծրագիրը հաստատվի։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Ինչ վերաբերում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա թափոնների վնասազերծմանը, ապա համատեղ լուծումներ գտնելու նպատակով «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկումները կշարունակվեն։