ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտե՛ղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա:
Պատգամավորի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում է:
«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան են մեծացել, որ նույնիսկ այդ հարցն ԱԽ նիստում ենք քննարկել ու հանձնարարականներ տվել: Բարդությունն այն է, որ արդեն տելեգրամյան ալիքներով են թմրանյութեր վաճառում: Եթե իրավիճակին ճիշտ ենք տիրապետում, առաջիկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կասեցնելու ու դրա դեմ պայքարելու մասով ավելի արդյունավետ գործիքներ կկիրառենք»,- ասել է երկրի վարչապետը:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ հազարավոր ընտանիքների՝ խնջույքներ չանելու նկատառմանը, վարչապետն ասել է. «Հայաստանի Հանրապետությունից կտրված եք, եթե կարծում եք՝ երկրում խնջույքներ չեն անում: Շատ էլ լավ և՛ դուք եք անում, և՛ ձեր խմբակցությունը, և՛ բոլորը: Մենք որևէ բան չենք ուրանում»:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ ինքը խոստացել է ու շարունակում է խոստանալ երջանիկ երկիր:
«Դա մեր քաղաքական նպատակն ու հանձնառությունն է: Երջանիկ երկիրն աչքի առաջ ունենալով է, որ խոսում եմ հարցերի մասին ու ձևակերպում մտքեր, որոնք սովորական պայմաններում երբեք չէի ձևակերպի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: