Ապրիլի 30-ին՝ ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա:
Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ:
Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով Տավուշի մարզային վարչության, նույն մարզի ՊԾ ծառայողների հետ, մայիսի 2-ին՝ ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը:
Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Քրեական վարույթը շարունակվում է: