Հեղուկ գազը վերջին օրերին կտրուկ թանկացել է. ապրիլի կեսերի 120-130 դրամի փոխարեն այսօր լիցքավորել կարելի է 180-200 դրամով: Տնտեսագետ Արմեն Քթոյանը գնի բարձրացումը կապում է ռուս-վրացական սահմանում ի հայտ եկած խնդիրների հետ:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Քննարկվում է զուտ տեխնիկական ասպեկտը, հերթի հանգամանքը, որքանով է նշանակալի դրա ազդեցությունը, բայց, համենայնդեպս, որոշ դերակատարում այդ գործոնը այստեղ ունի: Եթե առաջ, որպես առանձնակի վտանգավորություն ունեցող ապրանք, այն արտահերթ էր սպասարկվում, հիմա ընդհանուր հիմունքներով, և դրանք որոշակի սահմանափակումներ են մտցնում:
Լարսի խնդիրների մասին հայկական կողմը տեղյակ է: Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանի խոսքով՝ Վրաստանում հերթերն այնքան շատ են, որ գազատար մեքենաները Ռուսաստան չեն կարողանում հասնել, որ լիցքավորվեն ու վերադառնան:
Վահան Հակոբյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ) - Վրացական կողմում դա մեկնաբանում են նրանով, որ ռուսական կողմում թողունակությունը քչացել է, այդ իսկ պատճառով մեքենաները ժամանակին տեղ չեն հասնում:
Հերթում սպասող մեքենաների թիվը մեծ է, հավելում է մաքսային կցորդը, իսկ պատճառն այն է, որ Վերին Լարսի անցակետում ռուսական 4 ռենտգեն սարքավորումներից 2-ը խափանվել են, հիմա նորոգվում են: Թողունակությունը կմեծանա միայն այդ սարքերի նորոգումից հետո. աշխատանքներին միացել է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Վահան Հակոբյան - Այս պահին Վրաստանում ՀՀ դեսպանությունը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ, որպեսզի հայկական գազատար մեքենաները առանց հերթի բաց թողեն, որպեսզի հասնեն Ռուսաստան, լիցքավորվեն ու հետ դառնան: Ռուսաստանից Հայաստան ուղևորվող գազատարները հիմնականում անցնում են անարգել և հնարավորինս արագ:
Իսկ խոսակցությունները, թե հայկական շուկայում գազային գնաճը արհեստական է և ներքին պայմանավորվածությունների հետևանք, տնտեսագետ Արմեն Քթոյանը իրատեսական չի համարում. քանի որ ներգրավված տնտեսվարողները շատ են, համաձայնության հավանականությունը փոքր կլիներ:
Արմեն Քթոյան - Մի պրոցես ունենինք, երբ որ Քովիդից հետո էլի աղմուկ, էլի բան, գազը հասավ 270, 280, 300, անցավ, մարդիկ խուճապի մեջ էին, բայց էլի նույնատիպ խնդիր էր, ամբողջ աշխարհում թանկացել էր, մատակարարումները չէին հերիքում, առաջարկը չէր հերիքում, և ռուսական մատակարարները ձգտում էին բավարարել խոշորների պահանջարկը, Հայաստանը մնում էր երկրորդ պլանում: Համենայնդեպս, շուկայից բխող ու մեր իրողություններից բխող պրոցես է, որը կարճաժամկետ բնույթ ունի իմ կարծիքով:
«Եվ անգամ այս թանկացումները չեն խանգարում, որ մեր շուկայում հեղուկ գազի գինը այլ երկրների համեմատ ցածր համարվի»,- հավելում է տնտեսագետը:
Սա էլ` այն պատճառով, որ նույն գազը ռուսական շուկայում համարվում է աշխարհում նվազագույն արժեք ունեցողներից մեկը: Հեղուկ գազ ոչ մեծ քանակությամբ ներկրվում է նաև Իրանից, սակայն, ըստ Քթոյանի, այն իր ավելի բարձր գնի պատճառով ռուսական գազին այլընտրանք չի կարող լինել: Տնտեսագետը վստահ է՝ հեղուկ գազի գինը գրեթե ազդեցություն չի ունենա սպառողական շուկայի վրա:
Արմեն Քթոյան - Էսպես թե էնպես, նույնիսկ թանկացած պարագայում այն նախորդ տարվա համեմատ ավելի էժան է լինում, հետևաբար չի հասնի էն մակարդակին, որ գնաճի վրա էական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանա:
Հեղուկ գազի շուկայում թանկացման պատճառները հասկանալու համար ուսումնասիրություն է սկսել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: