ՄԱՅԻՍԻ 3-Ի ԳԻՇԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մայիսի 3-ի գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել։ Մայրաքաղաքում գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը: Պայթյուններ են լսվել նաև Դնեպրոպետրովսկում։ Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը 26 հարվածային անօդաչու թռչող սարք են կիրառել, որոնցից 21-ը ոչնչացվել է: Երեք անօդաչու սարք հարվածել է Կրոպիվնիցկիի նավթային պահեստին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Սա վերջին մի քանի օրվա ընթացքում ուկրաինական տարածքների արդեն երրորդ զանգվածային հրթիռակոծությունն է։
ՌԴ-ՈՒՄ ՆԱՎԹԱԲԱԶԱՅԻ ԲՌՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԱԹՍ-Ի ԿՈՐԾԱՆՈՒՄՆ Է
Կրասնոդարի Տեմրյուկ շրջանի Վոլնա գյուղում նավթաբազայի բռնկման պատճառը անօդաչու թռչող սարքի կործանումն է՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ ծառայությունները։ Հրդեհը բռնկվել էր մայիսի 3-ի գիշերը։ Դեպքի առթիվ պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել: Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմել է գրեթե 1,25 հազար քառակուսի մետր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:
ԱՄՆ-Ը ՏԵՂՅԱԿ Է, ՈՐ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Վաշինգտոնը տեղյակ է, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին կարող է անցնել հակահարձակման՝ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Ուկրաինայի հաջողությունը մարտի դաշտում բանակցությունների համար լավ հող կստեղծի: Դա արդար և կայուն խաղաղության հասնելու լավագույն և, հավանաբար, ամենաարագ ճանապարհն է»,- նշել է Էնթոնի Բլինքենը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Մոսկվան արդեն ձախողել է և չի հասել իր նպատակներին, այն է՝ ջնջել ազատ Ուկրաինան քարտեզից և ներառել այն Ռուսաստանի կազմում:
Մեկնաբանելով Չինաստանի հնարավոր դերը խաղաղության հասնելու գործում՝ Բլինքենն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու բոլոր ջանքերին, սակայն ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է հիմնված լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության պաշտպանության վրա:
ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վրաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի Defender 2023 միջազգային զորավարժություններին: Երկրի պաշտպանության նախարարությունը միաժամանակ տեղեկացրել է, որ Թբիլիսին ակտիվորեն մասնակցում է միջազգային այլ զորավարժությունների, որոնք անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի հետ գործունակությունը բարձրացնելու համար։
Defender 2023 զորավարժությունները մեկնարկել են ապրիլի 22-ին՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության ղեկավարությամբ։ Վարժանքները կտևեն 2 ամիս, դրանց ներգրավված է 30 հազար զինվորական:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ
Իսրայելցի զինվորականները մայիսի 2-ի երեկոյան հերթական անգամ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախների՝ հայտնել է ԶՈՒ մամուլի ծառայությունը։ Լրատվամիջոցները գրում են, որ հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Գազայի հատվածից էլ պաղեստինյան ուժերը մեկ օրում ավելի քան 70 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտներին իսրայելական հարվածներին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ լարվածության սրման պատճառը իսրայելական բանտում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ակտիվիստ Խադր Ադնանի մահն է, որը մոտ երեք ամիս առաջ հացադուլ էր հայտարարել: Նա մեղադրվում էր ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար։
Reuters գործակալությունը հայտնում, որ այժմ Իսրայելը և պաղեստինյան կողմը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի շուրջ:
ԲՈՐԵԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Ժոզեպ Բորելը Բրյուսելում ընդունել է Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Վուչիչը և Ալբին Կուրտին պայմանավորվել են մեկնարկել ավելի քան 1600 մարդու որոնողական աշխատանքները, որոնք բալկանյան հակամարտության հետևանքով անհետ կորած են համարվում։
Միևնույն ժամանակ, Բորելը խոստովանել է, որ բրյուսելյան բանակցություններում առայժմ չի հաջողվել առաջընթաց գրանցել Կոսովոյի հյուսիսում էսկալացիայի թուլացման հարցում:
Մասնավորապես, մոտ 50.000 սերբեր հրաժարվում են ներգրավվել Կոսովոյում հասարակական կյանքին և վերականգնել աշխատանքը ոստիկանությունում, դատական համակարգում և այլ հաստատություններում: Նրանք նոյեմբերին հրաժարական էին ներկայացրել՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով Կոսովոյի իշխանությունների վարած հակասերբական քաղաքականության դեմ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԵՏԱՁԳԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ
Անկարան պայմանավորվել է «Գազպրոմի» հետ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգելու մասին՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը: Ֆաթիհ Դոնմեզի խոսքով՝ պատճառը շուկայում գազի կտրուկ և անկանխատեսելի թանկացումն է:
Նա սակայն չի հստակեցրել՝ արդյոք խոսքը ավելի վաղ սոցցանցերում տարածված տեղեկությունների մասի՞ն է, թե՞ Ռուսաստանը համաձայնել է հետաձգել Թուրքիայի կողմից գազի դիմաց 20 միլիարդ դոլարի վճարումը։