ՀՀ-ն կա՛մ երբեք չի առաջնորդվել, կա՛մ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով: Մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել և էմոցիոնալ ժողովուրդ ենք: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կարծիք հայտնեց, որ եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի, ինչը հեշտ ճանապարհ չէ:
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ 44-օրյա պատերազմից առաջ ընդդիմության և իշխանության էմոցիաները որևէ կերպ չեն տարբերվում, և դա է անկյունաքարային հարցը:
«Սա անկյունաքարային հարց է, սա խաչմերուկային հարց է. էս խաչմերուկից մենք հիմա ինչ-որ մի խաչմերուկի առաջ, ինչ-որ մի ճանապարհային նշանի տակ կանգնած ենք: Ո՞նց կշարունակենք՝ դրանից է կախված՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ չէ:
Մենք որևէ կասկած չունենք, որ մենք ազգ ունեցել ենք, ունենք և հավիտյանս կունենանք. որևէ կասկած չունեմ: Ճակատագիրն էնպես է բաշխել մեզ, որ պիտի երկրագունդը չլինի, որ հայ ազգը չլինի, բայց հարցն այն է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ չէ: Մենք ժողովուրդ կլինե՞նք, թե՞ չէ: Մենք ազգ, երաշխավորվա՞ծ է, որ կլինենք: Ժողովուրդ կլինե՞նք, թե՞ չէ, այս նշանից ա՞ջ կգնանք, ձա՞խ կգնանք, ուղի՞ղ, թե՞ հետ. ա՛յ դրանից է կախված»,- ասաց վարչապետը և պարզաբանեց, թե ինչու է երկու եզրույթ գործածում: Ըստ նրա՝ ժողովուրդը սահմանադիր է, պետական սուբյեկտ է, իսկ ազգը ազգ է, որ գոյություն ունի՝ անկախ ամեն ինչից: