Հայոց եկեղեցու պատմություն առարկան սեպտեմբերից չի դասավանդվի որպես առանձին առարկա: Ըստ հանրակրթության պետական չափորոշչի՝ այն կներառվի մի շարք այլ առարկաների ծրագրում՝ մեծ մասամբ՝ հայոց պատմության, նաև հասարակագիտության, համաշխարհային պատմության:
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ փոփոխության շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ նյութ ուսումնասիրել ինտեգրված այդ մեկ առարկայի շրջանակում, քան կար հայոց եկեղեցու պատմության դասագրքերում: Բացի այդ՝ կխուսափեն նույն իրադարձությունը երկու տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրելուց:
Արտաշես Թորոսյան (ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն) - Օրինակ՝ հինգերորդ դասարանում հայոց եկեղեցու պատմության ծրագրով նախատեսված է ներկայացնել քրիստոնեության ընդունման պատմությունը: Եվ այս բովանդակությունը արդեն ինտեգրված է հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն առարկաների մեջ:
Հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Անի Աթիկյանի խոսքով՝ հասարակության և որոշ ուսուցիչների մոտ թյուրըմբռնում կա, թե հայոց եկեղեցու պատմությունը անտեսվում է, դուրս մնում հայագիտության բնագավառից: Հայոց պատմության չափորոշչի կազմմանը մասնակցած Աթիկյանը վստահեցնում է՝ դպրոցներում ավելի մեծ ժամաքանակ է հատկացվել ինտեգրված առարկայի ուսումնասիրությանը, որ հասցնեն անդրադառնալ և՛ հայոց պատմությանը և՛ եկեղեցու պատմությանը:
Անի Աթիկյան (Կրթության փորձագետ, հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ) - Լինելով թե՛ աշխատանքային խմբի անդամ, և թե՛ հայոց պատմության ու հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ՝ կարող եմ փաստել, որ որևէ թեմա բաց չի մնացել հայագիտության բնագավառում և մեծ ուշադրություն է դարձվել հայոց եղեկեցու պատմության ցանկացած թեմայի:
Չափորոշիչը դեռ 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվել է Տավուշի մարզում: Ըստ Թորոսյանի՝ ամփոփիչ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Տավուշում տվյալ առարկաների մասով աշակերտների գիտելիքները բարելավվել են՝ ուսումնասիրված այլ մարզերի համեմատությամբ: ԿԶՆԱԿ-ի տնօրենը ևս մեկ անգամ շեշտում է՝ ամեն դեպքում առարկայացանկը որոշում է դպրոցը:
Արտաշես Թորոսյան - Հանրակրթության պետական չափորոշիչը հնարավորություն է տալիս դպրոցում ինքնուրույն ընտրություն կատարել՝ որոշել հայոց պատմություն և հայ եկեղեցու պատմություն առարկաները ուսումնասիրել առանձի՞ն առարկաների տեսքով, թե՞ ինտեգրված: Ընտրության հնարավորությունը պահպանվել է:
Արդեն սկսվել է ուսուցիչների վերապատրաստումը՝ ինտեգրված առարկաները դասավանդելու համար: ԿԶՆԱԿ-ից վստահեցնում են՝ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները կլինեն վերապատրաստված:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան