Առատաշենը՝ գինեգործության նոր հասցե։ Մայրաքաղաքից գյուղ տեղափոխված Եղոյան ընտանիքն այստեղ գործարան կամ, ինչպես իրենք են ասում՝ գինարան է հիմնել՝ խաղողի 15 հա այգիով։ Մինչև գործը սկսելը, իրավաբանի մասնագիտությամբ Եղոյանը ուսումնասիրել է գինեգործական տնտեսությունների հաջողված փորձը։ Կատարելագործվելու համար պատրաստվում է նաև արտասահման մեկնել։
Վահան Եղոյան (Առատաշենի գինարանի հիմնադիր տնօրեն) - Պլանավորում եմ Գերմանիայում MBI ծրագրով սովորել։
Հողը գնել են 7 տարի առաջ, մի մասը մշակել են, խաղողի այգի հիմնել, առաջին բերքը կհավաքեն աշնանը։ 1 հա-ից մինչև 7 տոննա խաղող են ակնկալում։ Որակյալ գինեհումք ստանալու համար Եղոյանները այգին մշակում են հատուկ տեխնոլոգիաներով։ Օգտագործելու են միայն իրենց աճեցրած խաղողը։
Վահան Եղոյան - Խաղող կարող ենք մթերել միայն այն դեպքում, երբ վստահ լինենք դրա որակի հարցում։ Պետք է իմանանք՝ որտեղ, ոնց է աճեցվել, ոնց է մշակվել։
Այգին պատվաստել են ֆիլոքսերիայի դեմ կայուն արմատակալներով։ Թունաքիմիկատներ չեն օգտագործում, վազերը պարարտացնում են հատուկ ծաղիկներից ստացած կոմպոստով։ Որթատունկի հետ համադրվող բույսը հենց այգում էլ աճեցնում են և ժամանակ առ ժամանակ հողի հետ խառնելով՝ ներարկում վազերին։ Հիմա 12 աշխատող ունեն։ Մթերման սեզոնին թիվը կավելանա։ Նորաստեղծ տնտեսությանը ծանոթանալու եկած մարզպետին ներկայացնում է ընկերության ղեկավարը։
Արտադրելու են կարմիր և սպիտակ գինի։ Կարմիրը՝ Արենի, սպիտակը՝ Ոսկեհատ տեսակի խաղողից։ Պլանավորում են տարեկան 150-200 հազար շիշ բարձրորակ գինի արտադրել, որի մոտ 50 տոկոսը կիրացնեն ներքին սպառման շուկայում։ Ընտանիքն օգտվել է գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերից։
Վահան Եղոյան - Տեխնիկան գնելու ժամանակ խանութից եմ իմացել, որ կա նման ծրագիր, և վերցրել ենք տեխնիկայի բոլոր տեսակները՝ 7 տարի լիզինգով։ Հետո, այգին հիմնելու ժամանակ, բանկն առաջարկեց օգտվել, ստացանք 30 մլն դրամ՝ 0 տոկոսով, 7 տարով։
Գյուղաջակցության զարգացման ծրագրով գինեգործական սարքավորումներն արդեն պատվիրել են, իսկ լիզինգով ձեռք բերած այգեգործական տեխնիկան, որի մի մասն արդեն փորձարկել են, էականորեն հեշտացրել է գործը։
Կարապետ Պալյան (աշխատակից) - Համ որակով գործ է անում, համ արագ, արդյունքն էլ տեսնում եք։
Այս կենտրոնը կդառնա նաև ցանկալի վայր գինու սիրահարների համար։ Հյուրերը կարող են շրջել այգում, գինի համտեսել, ցանկության դեպքում՝ նաև խաղողի վազ տնկել։
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մենք էլ ենք այդ ուղղությունը ներկայացնում մեր գործընկերներին արտագնա հանդիպումների ընթացքում՝ որպես տուրիզմի հնարավոր զարգացման պոտենցիալ։
Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ մարզում գինու տուրիզմի բազմաթիվ հասցեներ կան։ Առատաշենի գինարանը համալրեց դրանց շարքը նաև իր աչք շոյող միջավայրով։