Ի՞նչ փուլում են Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողների քրգործերը: ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Մյուսի մասով քննությունը շարունակվում է: Նա մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ:
«Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում:
Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասաց Աննա Վարդապետյանը: