Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:
«Կողմերն անդրադարձել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից օրեր առաջ ապօրինի անցակետի տեղադրմանը։ Քննարկվել են նաև փոխգործակցության ընդլայնմանն ու հումանիտար ծրագրերին առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանն ի նշան փոխադարձ հարգանքի ու բարեկամության ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն՝ ի սատարումն Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների, մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման։
Արցախյան կողմից հանդիպմանը ներկա էին ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Նույն օրը Քսավիե Բերտրանը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։