«Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցում աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը 49-րդն է՝ դասվելով բավականին լավ իրավիճակ ունեցող երկրների շարքին: Նախորդ տարի մեր երկիրը 51-րդ հորիզոնականում էր: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում նշվում է, որ չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները բևեռացված են: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով պայմանավորված՝ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի: Զեկույցում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ու Լաչինի միջանցքի արգելափակումը բարդացնում են լրագրողների աշխատանքը: Անդրադարձ կա նաև լրագրողների վրա հարձակումներին և օրենսդրական բացերին: Անկախ խնդիրներից, խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում Հայաստանն առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» Վրաստանը 77-րդն է, Ադրբեջանը՝ 151-րդը, Թուրքիան՝ 165-րդը, իսկ Իրանը՝ 177-րդը: