Ի՞նչ գնահատական կտա ՀՀ վարչապետը Հայաստանի շուրջ ռազմավարությանը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի ունեցած իրադարձություններն ուղիղ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի ռազմավարական իրավիճակի վրա:
«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են և դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների: Այսինքն՝ այն համակարգը, որն ի սկզբանե պիտի ապահովեր անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում, այդ հանգամանքն ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ռազմավարական խնդիր է դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարելը կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունը հարթելը:
Նա նաև նշեց, որ կարող է լինել վարկած կամ առաջարկ, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, բայց փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունը կապահովվի:
«Ո՞վ կարող է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը. պատասխանը միանշանակ է, անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը: Սա շատ կարևոր է, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ հարցը, թե ով կարող է ապահովել, ինքնին սխալ է, որովհետև եթե ապահովողը «ով» է, ինչ-որ մեկն է, դա նշանակում է, որ անվտանգային սպառնալիքն իրականում մեծ է, և այդ անվտանգային սպառնալիքը, եթե նույնիսկ կառավարվում է, կառավարվում է ժամանակավորապես: Խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև հարցին, թե իրատեսակա՞ն է խաղաղությունը:
«Այո՛, իհարկե, խաղաղությունը հնարավոր է, բայց նաև պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը: Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ. մեկը՝ քաղաքական կամք խաղաղության հասնելու համար, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները:
Խաղաղության հասնելու կամք ունենք, խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի կամ ՀՀ ժողովրդի համար, որովհետև, այո՛, կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերում, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար»,- ասաց վարչապետը և հավելեց, որ իշխանության խնդիրն է կարողանալ իրատեսությունը, խնդրի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել և մոտեցնել իրար: