702 մլրդ 444 մլն դրամ. հենց այսքան անկանխիկ գործարք է իրականացվել Հայաստանում նախորդ տարի ՊՈՍ տերմինալների միջոցով: Համեմատության համար՝ ցուցանիշը 56.7 տոկոսով ավելի է 2021-ի արդյունքից և գրեթե 150 տոկոսով ավելի է 2020-ից: Տվյալները արտացոլված են Հայաստանի կենտրոնական բանկի տեղեկագրում:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Անկանխիկ գործարքների ծավալային աճին նպաստել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենսդրության փոփոխությունը, ըստ որի` սահմանափակվել է նաև կանխիկի շրջանառությունը գործարքների ժամանակ, բացի այդ, առևտրային բանկերի կողմից լայնորեն կիրառվող օնլայն բանկինգ ծառայությունը, ինչու ոչ` կենսաթոշակների վերադարձի մասին օրենքը:
Նախորդ տարվա հոսքերը ևս ազդել են անկանխիկ գործարքների ավելացման վրա, նշում են մասնագետները, սակայն այստեղ մեկ այլ խնդիր են տեսնում:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Այդ գործարքների ճնշող մեծամասնությունը Երևան քաղաքում է, և երևի թե դեռևս կարիք կա որոշակի օրենսդրական բարելավումների, որ դրանք աստիճանաբար տարածվեն նաև մարզերում` ապահովելով ապակենտրոնացում այդ ոլորտում, որը կարևոր տնտեսական քաղաքականության բաղադրիչ կարող է լինել:
Պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում` անկանխիկը խրախուսելով, նշում է Կարեն Սարգսյանը, հավելում` սա ոչ միայն ստվերի դեմ պայքարի համար է կարևոր գործիք, այլև վճարումներ կատարելու հարմարավետ ու ժամանակակից տարբերակ է:
Կարեն Սարգսյան - Վերահսկելիության տեսանկյունից, ստվերի դեմ պայքարի շրջանակներում, նաև կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու նպատակով, բացի այդ, կան մի շարք առավելություններ՝ գործարքների արագությունը, ավելի հարմարավետությունը, ասենք, որ կարող է քաղաքացին իր բնակարանից ցանկացած գործարք, գնում իրականացնի` առանց խանութ այցելելու:
Կանխիկի դերն աստիճանաբար նվազում է, ընդգծում է Սոս Խաչիկյանը: Իրականացված քաղաքականությունն, ըստ նրա, շատ կարճ ժամանակահատվածում սկսեց արդյունք տալ:
Սոս Խաչիկյան - Ձևավորվում է այդ մշակույթը և աստիճանաբար դա հաստատ կմեծանա, ավելի շատ կմեծանա, մենք պետք է պատրաստ լինենք տեխնոլոգիապես նաև այդ պլատֆորմներով, առցանց հարթակներով:
2022-ի ավարտին շրջանառվել է հայաստանյան բանկերի թողարկած 3 մլն 183 հազար 489 վճարային քարտ, ինչը ավելի քան 480 հազարով շատ է 2021-ի ցուցանիշից:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան