Քննարկվել են նաև տարեցների ոլորտում առկա խնդիրները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նիստի օրակարգում մշակվող ժողովրդագրության ռազմավարության մեջ տարեց անձանց դերակատարումն ու նրանց ներուժի օգտագործման հնարավորությունների, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական չափաքանակների ներկայացումն էր 2024-2026 թթ․ ՄԺԾԾ հայտի համատեքստում։
Նախարարի տեղակալը, ընդգծելով տարեցների առողջ ապրելակերպի և ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, նշել է, որ նախարարության կողմից մշակվում են ոլորտային ռազմավարություններ, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը, որտեղ կառուցվածքային փոփոխություններին զուգընթաց իրականացվելու են նաև բովանդակային փոփոխություններ։ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ մեր երկիրը դասվում է ծերացող երկրների շարքին, ուստի անհրաժեշտ է վերափոխել տարեցների ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նրանց տրամադրել ոչ միայն որակյալ ծառայություններ, այլև ստեղծել հարթակներ՝ ինքնարտահայտվելու, կրթվելու և փորձառությունը կիսելու։
Նիստի շրջանակում մասնակիցներին ներկայացվել է նոր ժողովրդագրության ռազմավարությունը․ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը խոսել է առկա իրավիճակի, ծնելիության ցուցանիշների, նախատեսվող քայլերի մասին։
Նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը նիստի անդամներին ներկայացրել է ՀՀ սոցիալական պաշտպանության բնագավառի՝ տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների մատուցման միջնաժամկետ ծախսային ծրագրի 2024-2026 թթ. հայտը։ Վերջինս մանրամասնել է ակտիվ ու առողջ ծերացման խրախուսման, խնամքի համայնքահեն ծառայությունների ներդրման, տարեցների հասարակություն լիարժեք ներառման, նրանց կյանքի որակի բարձրացման, ընտանիքում և համայնքում ապրելու համար բարենպաստ միջավայրի ու արժանապատիվ պայմանների ստեղծման ու իրենց գնահատված անհատական կարիքներին համարժեք ծառայությունների մատուցման մասին։
Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները քննարկել են նաև տարեցների ոլորտում առկա խնդիրները, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։