ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ կալանավորված անձ Հ.Մ.-ի հետ տեսակցության ընթացքում վերջինիս փաստաբանը նրան է փոխանցելու արգելված իրեր:
Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նշյալ կալանավորված անձը փաստաբան Ն.Մ.-ի հետ տեսակցության ավարտից հետո մետաղորսիչ սարքի միջոցով ենթարկվել է անձնական զննության: Զննության արդյունքում Հ.Մ.-ի սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ձեռքի թղթապանակից՝ 2 բջջային հեռախոս, USB լար և wi-fi սարք:
Կալանավորված անձ Հ.Մ.-ն գրավոր հայտնել է, որ նշված արգելված իրերն իր խնդրանքով հիմնարկ է բերել և իրեն փոխանցել փաստաբանը:
Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: