Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայում, մասնավորապես՝ Բախմուտի շրջանում, «ձախողվել է», քանի որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ միայն վերջին հինգ ամսում ռուսական կողմն ունեցել է 20 հազար զոհ, ևս 80 000 զինվոր վիրավորվել է: Քիրբիի խոսքով՝ զոհերի գրեթե կեսը «Վագներ» կազմակերպությունից են: Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական և կարևոր նշանակություն ունեցող տարածքներ։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է անդրադառնալ ուկրաինական կողմի կորուստներին՝ նշելով, թե այս պատերազմում Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը:
ԻՍՐԱՅԵԼԸ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՀԱԼԵՊ ՆԱՀԱՆԳԻՆ
Երեկ ուշ երեկոյան Իսրայելը ավիահարվածներ է հացրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի տարածքում: Հարվածների հետևանքով զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք: Սիրիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վնասվել է Նեյրաբ միջազգային օդանավակայանի թռիչքուղին։ Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել մի քանի հրթիռ:
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սաուդյան Արաբիայում իրանական դիվանագիտական երեք առաքելությունները վերսկսել են աշխատանքը` հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: Նասեր Քանանին ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունների վերսկսման և դեսպանատների վերաբացման սկզբնական փուլում են: Քանանին մանրամասնել է, որ Իրանի տեխնիկական թիմն այս պահին գտնվում է Սաուդյան Արաբիայում: Նրա համոզմամբ՝ երկու երկրների դեսպանատները կսկսեն իրենց լիարժեք գործունեությունը՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Երեկ Սաուդյան Արաբյան օգնել էր Սուդանից տարհանել Իրանի քաղաքացիներին: Սաուդական նավն Իրանի 65 քաղաքացու տեղափոխել էր Ջիդդա, որտեղից իրանցիները մեկնել էին Թեհրան։ Նասեր Քանանին ճեպազրույցի ժամանակ այս քայլը որակել էր «դրական ձեռքբերում» և նշել, որ դա երկու երկրների գործակցության արդյունքն է:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԵՀՐԱՆ
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական և անվտանգային հարաբերությունները՝ հատկապես տնտեսական հարցերի և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն զարգացումների շրջանակում։ Կարևորվել է էներգետիկ, բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը։
Շամխանին նշել է, որ Իրանը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը և անհրաժեշտ է համարում Դելիի ակտիվ ներկայությունը Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի քաղաքական, տնտեսական և անվտանգային նախաձեռնություններում։ Աջիթ Դովալն էլ ընդգծել է երկու ժողովուրդների միջև առկա խոր կապերը, ողջունել Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: