ՀԱՋԻԵՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՀԵՏ
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Դեյվիդ Քաթլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՌԴ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԲԱԽՄՈՒՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՁԱԽՈՂՎԵԼ Է. ՔԻՐԲԻ
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայում, մասնավորապես Բախմուտի շրջանում «ձախողվել է», քանի որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ միայն վերջին հինգ ամսում ռուսական կողմն ունեցել է 20 հազար զոհ, ևս 80 000 զինվոր վիրավորվել է: Քիրբի խոսքով՝ զոհերի գրեթե կեսը «Վագներ» կազմակերպությունից են: Նրա խոսքով Ռուսաստանի զինված ուժերին չի հաջողվել գրավել իրական ռազմավարական և կարևոր նշանակություն ունեցող տարածքներ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է անդրադառնալ ուկրաինական կողմի կորուստներին՝ նշելով, թե այս պատերազմում Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՄԻԱՅՆ ԱՊՐԻԼԻՆ 15 000 ԶՈՀ Է ՈՒՆԵՑԵԼ. ՇՈՅԳՈՒ
Ուկրաինայի զինված ուժերը միայն ապրիլ ամսին 15 հազար զոհ են ունեցել՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ ռուսական զինված ուժերը ակտիվ գործում են շփման գծի ամբողջ երկայնքով: Շոյգուն նշել է, որ չնայած արևմտյան երկրների աննախադեպ ռազմական օգնությանը՝ ուկրաինական կողմը զգալի կորուստներ է կրում: Նախարարն ընդգծել է, որ պաշտպանական արդյունաբերությունն ամբողջությամբ ապահովում է բանակի և նավատորմի կարիքները:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ
ՄԱԿ-ի հովանու ներքո հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները բոլոր կողմերի մասնակցությամբ նախատեսված են մայիսի 3-ին` իր աղբյուրներին հղումով գրել է Reuters գործակալությունը: Գործարքի ժամկետն ավարտվում է մայիսի 18-ին։ Հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը անցյալ շաբաթ քննարկել էին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցների ընթացքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Ստամբուլի պայմանավորվածությունները չեն իրականացվում Ռուսաստանի առաջարկած պայմաններով, և գործարքի երկարաձգման հեռանկարը լավատեսական չէ:
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ԴԱՄԱՍԿՈՍ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով վաղը կմեկնի Դամասկոս՝ քաղաքական ու տնտեսական գործիչների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ։ Երկօրյա այցի ընթացքում իրանական պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգում ներառված է նաև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների ամրապնդման, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման և բարելավման հարցերը։ Իրանի նախագահը կմասնակցի իրանցի և սիրիացի գործարարների համատեղ հանդիպմանը։
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ Իսահակ Հերցոգը վերահաստատել է Իսրայելի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Երկու երկրի օրակարգում ներկայումս ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստումն է:
ՍՈՒԴԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 334 000-Ը
Անցած ամիս հակամարտության սրման հետևանքով Սուդանից ավելի քան 100 000 փախստական է տեղափոխվել հարևան երկրներ. հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են երկրի ներսում՝ Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Օլգա Սարադոն: Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Փոլ Դիլոնն էլ նշել է, որ ապրիլի 15-ից մինչ օրս ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 334 հազարը։ Ճեպազրույցի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հակամարտող կողմերից մեկը զավթել է Սուդանի մայրաքաղաքում գտնվող առողջապահական լաբորատորիաներից մեկը, ինչը նոր վտանգներ է ստեղծում։