«Օ-Դը Ֆրանսի» շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Ֆրանսիայից ժամանած պաշտոնյաները միջազգային հանրությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի վարչակարգի նկատմամբ, քանի դեռ Բաքուն հրաժարվում է կատարել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմ տեղաշարժն ապահովելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում Երևանում Արցախի ներկայացուցչությունում այս մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանն ու Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: Հանդիպման ընթացքում Քզավիե Բերտրանն ընդգծեց՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այլ գործողություններն ընդունելի չեն ու պետք է դադարեցվեն:
Քզավիե Բերտրան (Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ) - Որևէ մեկն իրավունք չունի անցակետ դնել, որևէ մեկն իրավունք չունի միջանցք փակել, որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել հարյուրավոր մարդկանց բուժում ստանալը, որևէ մեկն իրավունք չունի երեխաներին զրկել կրթության հնարավորությունից, որևէ մեկն իրավունք չունի արգելափակել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ադրբեջանին որևէ մեկը նման իրավունք չի տվել: Ֆրանսիա վերադառնալուց հետո պետք է բարձրաձայնեմ այս մասին: