Գերմանիայի իշխանությունները միակողմանի քայլեր չեն ձեռնարկի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիան կանխելու համար։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ կարևոր է, որ արևմտյան զենքը չօգտագործվի ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար։ Կանցլերն ընդունել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական օգնություն, սակայն զինամթերքի նոր տեսակների կարիք առայժմ չկա։ Ըստ DPA գործակալության, այս կերպ Շոլցը հերթական անգամ անուղղակիորեն մերժել է ուկրաինական կողմին կործանիչներ տրամադրելը, որոնք Կիևը ցանկանում է ստանալ Արևմուտքից։
Ուկրաինան Բեռլինից ստացել էր IRIS-T հակաօդային պաշտպանության երկրորդ համակարգը և 16 կառավարվող հրթիռներ։