Երևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցում գործող Շիրակացու ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Այդ մասին ասված է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:
«Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են հարցաքննություններ։
Դասասենյակի լուսամուտից ցած ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ կատարվածի հանգամանանքերը լիարժեք բացահայտելու համար։
ՀՀ քննչական կոմիտեն էական փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, թույլատրելիության սահմաններում, դեպքի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի հանրությանը։
Սակայն հարկ եմ համարում սոցիալական ցանցերի օգտատերերին, լրատվամիջոցների իմ գործընկերներին հիշեցնել, որ դեպքը վերաբերում է անչափահասի և ուսումնական հաստատության։ Անչափահասներին վերաբերող քրեական վարույթներն ունեն քննության էական առանձնահատկություններ։
Եվ ելնելով երեխայի լավագույն շահից՝ հորդորում եմ զգուշորեն մոտենալ խնդրին՝ ինչպես բուժհաստատությունում գտնվող երեխային, այնպես էլ նրա ծնողներին, ինչպես նաև ճեմարանի մյուս սաներին, նրա համադասարանցիներին նոր, ավելորդ սթրեսների, հոգեկան տառապանքների չենթարկելու համար»,- նշված է գրառման մեջ։