ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային:
Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առևտրատնտեսական կապերի զարգացմամբ և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկկողմ փոխգործակցության շրջանակում մեծ է խորհրդարանական դիվանագիտության դերը, և պատրաստակամություն է հայտնել առավել խորացնելու միջխորհրդարանական համագործակցությունը, ակտիվացնելու շփումներն օրենսդիր մարմինների միջև:
Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում և բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից առողջապահական համակարգին և այլ ոլորտներում շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը:
Խոսելով հայ-ճապոնական մշակութային համագործակցության խորացման նախադրյալներից՝ ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է նախորդ ամսին Ազգային ժողովի այգում անցկացված Հանամի տոնը, որը դեռ 2015 թվականից կազմակերպվում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ջանքերով:
Ճապոնացի հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած հումանիտար աղետից՝ շեշտելով, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում ու խաթարելու միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության ուղին և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին: