ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:
«Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է:
Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման և նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաև դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աղբյուր, խախտել երիտասարդների մասնավոր կյանքի գաղտնիությունը, խթանել անօրինական բովանդակության տարածումը. այս հարցերի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի մեզ համար՝ որպես ազգային խորհրդարանների անդամների: Շատ կարևոր է, որ երիտասարդները լավ տեղեկացված լինեն այս կանոնակարգերի մասին:
Ավելին՝ թվային էկոհամակարգում կիբեռբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբեռագրեսիան հանդիպում են տարատեսակ դրսևորումներով: Երիտասարդները պետք է պաշտպանված լինեն նման վարքագծից:
Պետությունների, կարգավորող ու կրթական մարմինների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կառույցների պարտականությունն է ապահովել, որ ապագայում երիտասարդները լավ տեղեկացված լինեն, իսկ մեծահասակները՝ պատասխանատու: Մենք պետք է միասին աշխատենք, որ երաշխավորենք թվային միջավայրի անվտանգությունն ու երիտասարդների համար ապահովենք առողջ զարգացում»,- ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սոնա Ղազարյանը: