Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասները քննարկվել են առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:
Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:
Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև՝ հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:
Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունները հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:
«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ՝ Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: