Հայաստանն անում է ամեն ինչ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը կյանքի կոչելու և Արցախը բանակցությունների սուբյեկտ դարձնելու համար: Անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ նշեց խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Արման Եղոյանն ընդգծեց Ադրբեջանի և Արցախի երկխոսության համար տեսանելի մեխանիզմների կարևորությունը:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե այդ մեխանիզմները չլինեն տեսանելի, լինեն այլ ձևաչափերում, միջազգային հանրության աչքից հեռու, էլի կունենանք այն նույն խնդիրները, ինչ կունենանք Երևան-Բաքու խոսակցության մեջ:
Ինչ վերաբերում է բանակցությունների անցկացման վայրին, Եղոյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն նաև Մոսկվայում:
ԵՂՈՅԱՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Անդրադառնալով հարցին, թե ինչու են Միացյալ Նահանգներում սկսված բանակցությունները տևելու մի քանի օր, Եղոյանը նշեց՝ քննարկվում է հարցերի լայն շրջանակ:
Արման Եղոյան - «Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին՝ ինչքան հարց կա հնարավոր՝ չլուծված: Եվ, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ համաձայնության հասնելու համար՝ հայկական կողմն իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև «Հարաբերությունների կարգավորման համաձայնության» նախագծի շուրջ քննարկումներում մեր երկրի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի կարևոր պահանջներից մեկն է՝ նշեց Արման Եղոյանը: Պատգամավորը հավելեց՝ բանակցություններում չի կարող քննարկվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, Ադրբեջանը նման իրավական պահանջ չունի և չի կարող ներկայացնել:
Արման Եղոյան - Հայաստանի Հանրապետությունը երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր անգամ այլ պետության զիջելուն... Նման էքստերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական բանակցություններում խորհրդարանի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ներգրավվածությանը, շեշտեց՝ խորհրդարանական երկրում նման բանակցություններում ԱԺ փոխնախագահի մասնակցությունը բնական է, և Ռուբինյանի ներկայությունը չի նշանակում, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փոխկապակցված է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան