Վաճառքի, ծառայություններ մատուցելու կեղծ հայտարարություններ, վճարային կեղծ կտրոններ, դատախազը խարդախությունների ու հափշտակությունների դեպքերն է ներկայացնում: Միայն Երևանում 2021 թվականին 2003 խարդախության դեպք է արձանագրվել, որից 416-ը կարճվել է, 139-ը դատարանում է: Իսկ 2022-ին խարդախության 1720 դեպք է արձանագրվել, 449-ը կարճվել է, 77-ը դատարանում է:
Դատախազը նշում է՝ խարդախներն օրեցօր կատարելագործում են իրենց հմտությունները: Հայկական ամենատարածված առևտրի առցանց հարթակի՝ list.am-ի միջոցով, խարդախը կապ է հաստատում գույքը վաճառողի հետ և պայմանավորվում հանդիպել:
Սաթենիկ Բասենցյան (Երևանի ավագ դատախազ) - Հանդիպման ընթացքում հավանելով այդ գույքը` տուժողին կեղծ վճարային կտրոն է ցույց տալիս և հավաստիացնում, թե իբր գումարային փոխանցումը արդեն իսկ իր կողմից կատարվել է: Տուժողը, հավատալով դրան, հանձնում է այդ գույքը, բնականաբար հետագայում որևէ գումար չստանալով դրա դիմաց:
Դատախազի խոսքով՝ քիչ չեն նաև դեպքերը. երբ գույքը վաճառող անձից պահանջում են քարտային տվյալներ՝ իրբրև փոխանցում կատարելու համար:
Սաթենիկ Բասենցյան - Ապա կրկին զանգահարում է և պահանջում է հաղորդագրությամբ ստացած գաղտնաբառը և այդ եղանակով հափշտակում տուժողի քարտին եղած գումարը:
Բասենցյանը մեկ այլ օրինակ էլ է նշում, երբ խարդախները կրկնօրինակում են որևէ անձի կայքէջը, ապա կապ հաստատում այդ օգտատիրոջ ընկերների հետ և որևէ մտացածին պատմություն ներկայացնելով՝ գումար են պահանջում, իսկ տուժողները, խաբվելով, գումար են փոխանցում:
Սաթենիկ Բասենցյան - Շատ են նաև այն դեպքերը, երբ ֆեյսբուք, ինստագրամ սոցիալական ցանցերում ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կեղծ հայտարարություններ են տեղադրում այս անգամ արդեն խարդախները եւ, ստանալով դրանց դիմաց բարեխիղճ քաղաքացիների կողմից կատարված վճարային փոխանցումները, բնականաբար որևէ ծառայություն չեն մատուցում և որևէ ապրանք չեն առաքում:
Խարդախությունից տուժածների շարքում են նաև արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողները, որոնք, տեսնելով առանց խոչընդոտների վիզա տրամադրելու հայտարարությունները, դիմում են և կրկին հայտնվում հանցագործների թիրախում:
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը վերջին շրջանում տարածում ստացած մեկ այլ խաբեության սխեմա էլ է ներկայացնում:
Արթուր Պապյան (մեդիափորձագետ) - Ակտիվացել են կրիպտոներդրումների հետ կապված խաբեության դեպքերը, երբ մարդկանց առաջարկում են շահավետ պայմաններով կրիպտոարժույթ ներդնել, հետո մեկ-երկու անգամ նույնիսկ ինչ-որ գումար են հետ վճարում, հետո խրախուսում են ավելի մեծ ներդրումներ անել:
Պապյանի խոսքով` երբ խարդախները հասկանում են, որ տուժածից առավելագույն չափով գումար արդեն վերցրել են անհետանում են:
Արթուր Պապյան - Պետք է հասկանանք, որ ինտերնետում, ինչպես թակարդում, պանիր չեն բաժանում, եթե ինչ-որ բան ձեզնից ուզում են, անպայման կասկածեք, երբեք մի հավատացեք նիգերիացի արքայազններին, Ամերիկայում հանկարծակի մահացած ազգականներին դա չի կարող լինել:
Լինել ծայրահեղ ուշադիր, չփոխանցել բանկային քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների տվյալները ու գաղտնաբառերը, դատախազի ու մեդիափորձագետի կոչն է:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան