ԱՊՕՐԻՆԻ ԱՆՑԱԿԵՏԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԱՆԽԱՓԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պահից լիակատար և երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերի հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ՌԴ խաղաղապահներին: Թե Հայաստանի, թե Արցախի հետ կապից զրկված գյուղերի բնակիչները ակնկալել են, որ խաղաղապահները կթույլատրեն իրենց առանց ադրբեջանցիների միջամտության ու զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով:
Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:
Արցախի պետնախարարի բնորոշմամբ՝ սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Արցախի նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում հանդիպել են նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: Արցախի կողմին լսելուց հետո ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը հայտնել է, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություն հաղորդել շաբաթվա վերջում: Լենցովի հետ հանդիպմանը Ստեփանակերտը վերահաստատել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը:
Գուրգեն Ներսիսյան - Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.
- Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
- Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Արցախի պետնախարարը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին, Սփյուռքին ու միջազգային հանրությանը՝ ձեռնարկել բոլոր քայլերը, որ պաշտպանվի Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը, ապահովվի նրանց անվտանգությունը: Արցախն ակնկալում է, որ Հայաստանը, հայերն ու միջազգային հանրությունը կպարտավորեցնեն Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել Լաչինով անխոչընդոտ տեղաշարժը:
ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումն ու դրա հետևանքները քննարկվել են Արցախի Անվտանգության խորհրդի նիստում: Նախագահ Արայիկ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ ապահովել կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը՝ ՌԴ խաղաղապահների հետ գործակցությամբ: