Երվանդաշատի մանկապարտեզի դռները երգ ու պարով բացեցին։ Կրթօջախի նորամուտը հենց երեխաներն ազդարարեցին։
Սահմանամերձ համայնքը հիմնադրման օրից մանկապարտեզ չի ունեցել։ Դրա կարիքը զգացել են հատկապես երիտասարդ ընտանիքները․ շատ մայրեր երեխաներին խնամելու համար զրկվել են աշխատելու հնարավորությունից։
Օֆելյա Ղարիբյան - Ես 3 երեխա ունեմ, երկուսը գնում են դպրոց, 3-րդը միշտ ինձ հետ է, հող եմ գնում՝ հետս է։ Հիմա, ցանկալի է, կրթվում է, իր հանգիստն է անցկացնում, լավ է։
Նորաբաց մանկապարտեզը մշակույթի պալատի 2-րդ հարկում է։ Այն վերափոխել ու հարմարեցրել են պարտեզի համար սահմանված պահանջներին։ Հիմնանորոգվել է համաֆինանսավորման ծրագրով։ Պայմանագրային արժեքը ավելի քան 25 մլն դրամ է, պետության մասնակցությունը 65 տոկոս է։ Մշակույթի պալատում առանձնացրել են խաղա- և ննջասենյակներ, սանհանգույցներ, դահլիճ, ամառային պարապմունքների համար նախատեսված պատշգամբներ։ Կառուցել ու կահավորել են նաև խոհանոցը։
Թամարա Մնացյան (Երվանդաշատի մանկապարտեզի տնօրեն) - Համայնքի միջոցներով ձեռք ենք բերել ներժից սեղաններ, դարակաշարեր, էլեկտրական պլիտա, որովհետև գազ օգտագործել չի թույլատրվում։
Մանկապարտեզն առաջին սուբվենցիոն ծրագիրն է Երվանդաշատում։ Ոչ միայն պետությունը, այլև բարեգործական մի շարք կազմակերպություններ ու անհատներ են օգնել, որ գյուղը հարմարավետ պարտեզ ունենա։ Ներքին հարդարումն արվել է համայնքի միջոցներով, Մանկական զարգացման հիմնադրամը սառնարաններ, ծածկոցներ ու խաղալիքներ է գնել, իսկ FCN (Ֆոքըս օն չիլդրեն նաու) բարեգործական կազմակերպությունը խմբասենյակների ու ննջասենյակների գույքն է նվիրել։ Պատրաստ է նաև առաջին օրվա ճաշացանկը։
Անի Ավետիսյան (խոհարար) - Առավոտյան տալիս ենք թեյ, հաց, պանիր կամ կարագ, ճաշին՝ ապուրներ, հետճաշին՝ փլավ, աղցան։
Երեխաների հետ աշխատելու փորձ չունեցող դաստիարակներն անկեղծանում են՝ սկիզբը մի փոքր բարդ է, քանի որ երեխաները ծնողներից դժվարությամբ են բաժանվում:
Գոհար Մարտիրոսյան (դաստիարակչուհի) - Մայրիկներին են սովոր, փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենց հարմարավետ լինի: Փուլ առ փուլ կփորձենք, որ կրթություն ստանան, դպրոց գնան՝ գիտելիքներով։
Մանկապարտեզ կհաճախի 31 երեխա, 15-ը՝ հարևան Բագարանից։ Բայց քանի որ երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոց դեռ չկա, բագարանցի փոքրիկներն առայժմ տանը կմնան։
Շանթ Առաքելյան (Բաղրամյան համայնքի ղեկավար) - Ունենք համայնքային սեփականության տրանսպորտային միջոց, որը վերանորոգելուց հետո կծառայի երեխաներին։
Համաֆինասավորման մեկ այլ ծրագրով էլ մանկապարտեզը տաքացնելու համար 25 կվտ հզորությամբ արևային կայան է կառուցվել։