Երևանում ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից ղեկին ծխելու, ուղևորավարձն իրեն փոխանցելու պահանջի համար: Գործակարգավարական խորհրդակցության նիստում ասաց «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն էր ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը տրամադրել:
Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի պաշտոնակատար) - Գրառման մեջ ասվում էր այն բանի մասին, որ վարորդը ագրեսիվ է իրեն պահել վարելու ընթացքում, ծխել է, մնացորդը դուրս է նետել և նաև ուղևորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն:
Մանուկյանը նշեց՝ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, և իրենք դիտել են տեսանյութը։
Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Հաստատվեց, որ այո վարորդը իրեն շատ վատ է պահել, որը ուղևորին ասել է՝ մանրադրամը տվեք ինձ, չի թողել, որ քցեն արկղի մեջ: Ծխախոտը, այո, ծխել է, և ծխախոտը դուրս է նետել. էդ ամեն ինչը մեզ մոտ ֆիքսված է: Էդ Վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով բոլոր վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են սափրված, մաքուր, ավտոբուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ շարունակում են ծխել, հայտնաբերելուց հետո կհեռացվեն աշխատանքից։
Հովհաննիսյանն էլ քաղաքացիներին կոչ արեց ուղեվարձը վճարել համայնքային բյուջե և չտրամադրել վարորդին:
Լևոն Հովհաննիսյան - Տեսանյութի մասով լրատվական վարչությանը խնդրում եմ այդ տեսանյութը փոխանցեք, և եթե հարկ կլինի, նաև որոշակի բնույթի սոցիալական հոլովակ նկարահանենք:
Նիստից հետո «Լուրերը» քաղաքապետարան դիմեց, սակայն լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանն ու նրա տեղակալ Տարոն Գևորգյանը մերժեցին տրամադրել տեսանյութը: «Ի՞նչ պատճառով» հարցին Գևորգյանը պատասխանեց՝ չենք ուզում՝ չենք տալիս:
ԵՎՍ ՉՈՐՍ ԵՐԹՈՒՂԻ ԿՍՊԱՍԱՐԿՎԻ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Նիստում նաև զեկուցվեց՝ ևս 4 երթուղի կսպասարկվի նոր ավտոբուսներով:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Մայիսի 1-ից երթուղի դուրս եկավ MAN ֆիրմայի ավտոբուսների երկրորդ խմբաքանակը․ որոնք սպասարկում են Նորքի 9-րդ զանգվածից մինչև Հարավարևմտյան թաղամաս՝ փոխարինեցին 3-րդ համարի ավտոբուսներին՝ Zhongtong։ Նույն ժամանակահատվածում 47 փոքր դասի ավտոբուսներին փոխարինեցին միջին դասի Zhongtong ավտոբուսները՝ 48 համարի ներքո։ 21 համարի «Պազիկներին» փոխարինեցին փոքր դասի ավտոբուսները, և 18 համարի Bogdan ավտոբուսներին փոխարինեցին Zhongtong-ները:
Սարգսյանը նաև զեկուցեց, որ տրոլեյբուսները դեռ չեն ներկրվել՝ Լարսում են: Ասաց՝ շահող կազմակերպության հետ ամենօրյա կապի մեջ են: Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ էլ նշվեց, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ: Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում:
ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 10 ԵՎ 17 ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերի բնակիչներին է ներկայացրել նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը:
Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Որոշ քաղաքացիներ համաձայնություն են հայտնել կնքել պայմանագիր քաղաքապետարանի հետ, որոշները դեռ ունեն հարցեր, որոնք պարզաբանման փուլում են:
Զեկուցելով նոր վերելակների տեղադրման ընթացքի մասին՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ասաց՝ 100 վերելակից 36-ը գործարանից դուրս է եկել և տեղափոխվում է Երևան, Կառավարությունն էլ արդեն հատկացրել է 400 վերելակի գումար, և ակնկալվում է, որ այս շաբաթ համաձայնագիրը կկնքվի: Կառավարությունը ընդհանուր առմամբ 10 միլիարդ դրամ էր հատկացրել Երևանի հրատապ խնդիրների լուծման համար, որից 4.7 միլիարդը ծախսվելու է վերելակների փոխարինման համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան