Տների թանկացումն ու հիփոթեքային վարկերի աճն իրար փոխսնուցելով՝ անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկ են առաջացրել։ Գնահատականը Կենտրոնական բանկինն է․ այստեղ հաշվել են գերարժևորումը, որ դեկտեմբերի դրությամբ 16-ից 23 տոկոսի էր հասել, այս տարի էլ ավելի է մեծացել։
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Մենք էստեղ որոշակի մտահոգություն ենք հայտնում. մեր դիտարկումների երևի թե առավելագույն մակարդակին ենք հասել՝ 25 տոկոս է:
Այս խնդիրը՝ ֆինանսական կայունության ներքին, աշխարհաքաղաքական անորոշությունը՝ արտաքին հիմնական ռիսկերն են։ Ըստ իրականացված թեստերի՝ համակարգն ունակ է կլանելու սթրեսները։ Այդուհանդերձ, խնդիրները չեզոքացնելու նպատակով գլխավոր դրամատունը առևտրային բանկերին պարտադրել է նոր բուֆերներ կուտակել՝ հանկարծ եթե առաջիկայում բացասական զարգացումներ լինեն։
Կանխատեսելով՝ որ կարող են լինել ցիկլային զարգացումներ, ու մեր ֆինհամակարգը կարող է բախվել որոշակի ռիսկերի, մենք պրուցենդիալ առումով բանկերին պարտադրել ենք նոր բուֆերի տեսակ պահել՝ 1,5 տոկոս կամ 90 մլրդ դրամ:
Դրանից 60 մլրդ-ը մայիսի 1-ից արդեն մտել է ուժի մեջ։ Լրացուցիչ գումարները բանկերն առանձնացրել են օտարերկրյա այցելուների՝ առավելապես ռուսների ներհոսքի, այստեղ ապրել-աշխատելու ընթացքում համակարգի գեներացրած փողերից։
Բանկային համակարգի շահութաբերությունը էապես բարելավվել է, որը 22 թվականին 20 տոկոսից ավելի է եղել։
Ի դեպ, քանի որ երկրի հյուրերն այս փուլում՝ վարձով բնակարանների գներից մինչև սրճարանային-սպասարկման ոլորտի ակտիվություն ու բանկային համակարգում գումարների շարժ մեծ ազդեցություն ունեն հայկական տնտեսության վրա՝ բանկերը շատ ուշադիր հետևում են նրանց վարքագծին։ Հայաստանում հաստատվածների կեսը մտադիր է այստեղ մնալ առնվազն մեկ տարի՝ իրականացված վերջին հետազոտության արդյունքն է ներկայացնում Մարտին Գալստյանը։ Պահանջարկի աճի հետ է կապում նաև ծառայությունների գնաճի դանդաղ նահանջելը: Արդյունքում, չնայած սննդամթերքի ու վառելիքի գներն իջած են, ընդհանուր գնաճը դեռ բարձր է, ինչի համար էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս տարի արդեն երրորդ անգամ թողեցին անփոփոխ։
Եթե ապրանքների առումով մենք տեսնում ենք, որ ունենք գնանկում և բավականին մեծ, ծառայությունների ոլորտում տեսնում ենք ծառայությունների մինչև 12 տոկոս գնաճ:
Գնաճային սպասումների վրա ճնշում է նաև աշխատավարձերի աճը․ Հայաստանի տնտեսությունում կան ոլորտներ, որտեղ շարունակվում է մեծ վարձատրությամբ նոր աշխատուժի ներգրավման գործընթացը՝ նկատում են Կենտրոնական բանկում։
Եթե չեմ սխալվում՝ ՏՏ-ն ՀՆԱ-ում իր կշիռը քառապատկել է անցած տարի, նաև ոչ ռեզիդենտները, որ գալիս են Հայաստան աշխատելու, ստանում են բարձր աշխատավարձ:
Իրենց խնդիրն այստեղ՝ մարդկանց ու բիզնեսի աշխատած փողերը ծախսերին ու սպառմանն ուղղելուն զուգահեռ նաև խնայողություն դառնան։