Ազգային ժողովում ներկայացվեց «ՀՀ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ-ում արդեն իսկ գործում է Հակակոռուպցիոն ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ Վճռաբեկ դատարանի կազմում գործում է Հակակոռուպցիոն պալատ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան դեռ չկա:
2022-ի դեկտեմբերին ընդունվել է դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում էր ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, սակայն փաթեթն ուժի մեջ մտնելու համար սահմանվել էր ժամկետ՝ 2024-ի հունվարի 1-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը պետք է պատրաստ լիներ դրան՝ սկսած շենքային պայմաններից մինչև բյուջետային միջոցների հատկացում:
Արդարադատության նախարարությունը, սակայն, համարում է, որ այս տարվա հունիսին արդեն պատրաստ կլինեն նախատեսվող փոփոխություններին, ուստի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ԱԺ-ից հնարավորություն խնդրեց՝ ավելի շուտ ստեղծելու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը:
Լևոն Բալյանը նաև նշեց, որ օրակարգում կա շենքային պայմանների հետ կապված խնդիր, սակայն դրա լուծումն ընթացքի մեջ է:
«Վերջնարդյունքում ուզում ենք ունենալ այն, որ դատարաններն ամբողջությամբ լինեն միջազգային չափանիշներին համապատասխան՝ դահլիճներով, դատավորների առանձնացված սենյակներով և բոլոր այն պահանջներով, որոնք նախատեսվում են դատարանների համար:
Կոնկրետ այս դատարանի համար նախատեսված է առանձին շենք, և շինարարությունը մոտենում է իր ավարտին»,- ասաց նա և տեղեկացրեց, որ շենքը կառուցվում է Արա Սարգսյան փողոցում, այն կունենա 4 դատական դահլիճներ, դատավորի առանձնասենյակներ: