Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական միջոցներից համաֆինանսավորման մասը կավելացվի, կտրամադրվի 86 միլիոն դոլարի ներդրումային վարկ:
Հիմնական զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է վերակառուցել 32 կմ երկարությամբ Ագարակից թունելի մուտք ճանապարհահատվածը: Արդյունքում կստեղծվի 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ: Նախատեսվում է նաև կառուցել 17 կամուրջ, 2 թունել:
«Այս ծրագրի շրջանակում են նաև Քաջարանի 7 կիլոմետրանոց թունելի կառուցման և մոտեցող 4 կիլոմետրանոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները: Այն հանգեցնելու է երթևեկության էական փոփոխությունների՝ կրճատելով ժամանակը թունելի հետ միասին 68 րոպեով, տարածության մասով՝ շուրջ 18.8 կիլոմետրով»,- ասաց Ղալեչյանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ Իրան-Հայաստան սահմանի ո՞ր կտորն է վերակառուցվող ճանապարհն իր մեջ ներառում, պաշտոնյան մանրամասնեց՝ ճանապարհը նախատեսված է Ագարակից մինչև Քաջարանի թունելի մուտքը:
«Ազդակիր համայնքները կլինեն Գուդեմնիս, Լեռնաձոր, Լիճք, Կարճևան, Վարդանիձոր, Տաշտում, Քաջարան համայնքներն ու բնակավայրերը: Քաջարանի հատվածից՝ Մեղրու լեռնանցքից շրջանցող հատվածում, կունենանք թունել: Նախատեսում ենք 7 կիլոմետրանոց թունել կառուցել այդ հատվածում»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ ճանապարհը կմիանա Սիսիան-Քաջարան հատվածին: