Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ հայտնում է ISNA գործակալությունը։
Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական և անվտանգային հարաբերությունները, հատկապես տնտեսական հարցերի և տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն զարգացումների շրջանակում։ Կարևորվել է էներգետիկ, բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը։ Շամխանին նշել է, որ Իրանը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը և անհրաժեշտ է համարում Դելիի ակտիվ ներկայությունը Կենտրոնական Ասիայի ու Պարսից ծոցի քաղաքական, տնտեսական և անվտանգային նախաձեռնություններում։ Աջիթ Դովալն էլ ընդգծել է հնդիկ և իրանցի ժողովուրդների միջև առկա խոր կապերը, ողջունել Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներին վերաբերող հարցեր։